Կքննարկվի Թուրքիան ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող երկրների ցանկից հանելու հարցը
22-10-2020 16:38:34 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախաձեռնությամբ` առաջիկա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի օրակարգում կընդգրկվի և կքննարկվի մի շարք երկրներ, այդ թվում՝ Թուրքիան, ԵԱՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկից հանելու վերաբերյալ հարցը։
Համաձայն Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 36-րդ հոդվածի՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից տրամադրվում են սակագնային արտոնություններ զարգացող և առավել թույլ զարգացած երկրների ծագում ունեցող ապրանքների նկատմամբ։ Արտոնություններից օգտվող երկրների ցանկերը հաստատվել են 2009 թվականին Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ։ Ներկայումս արտոնություններից օգտվում է 103 երկիր: