Ղրիմ-Ղարաբաղ․ Պուտինը մատնեց Ռուսաստանի տխուր վիճակը


Ղրիմ-Ղարաբաղ․ Պուտինը մատնեց Ռուսաստանի տխուր վիճակը

  • 23-10-2020 10:42:45   | Հայաստան  |  Վերլուծություն

Վալդայ ակումբում իր ելույթում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել է Ռուսաստանի թշնամիներին, որոնք ցանկանում են տեսնել Ռուսաստանի թուլացումը. «Մեզ մտահոգում է մի բան՝ չմրսել ձեր թաղման ժամանակ»:
 
Ովքեր են ուզում Ռուսաստանի թուլացումն ու ոչնչացումը՝ Պուտինը չի ասել, միեւնույն ժամանակ այս համատեքստում հետաքրքիր են նրա դիտարկումները Ղարաբաղի հարցում։ Նա ասել է, որ այս հարցում Ռուսաստանի ու Թուրքիայի տեսակետները չեն համընկնում, միեւնույն ժամանակ չի բացառել, որ բանակցային ձեւաչափը կարող է «մի քիչ փոխվել»։ Բանակցային ձեւաչափ փորձում է մտնել Թուրքիան, այդ մասին բաց հայտարարություններ ու սպառնալիքներ տեղալով Մինսկի խմբի համանախագահների եւ մասնավորապես Ռուսաստանի հասցեին, այդ թվում՝ Ղրիմի հարցում։
 
Ընդհանրապես, Թուրքիայի եւ Էրդողանի թեման Պուտինի ելույթում լավագույնս դրսեւորեց Ռուսաստանի ներկայիս վիճակը։ Նա Էրդողանին հռչակեց լավագույն գործընկեր, որի հետ թեեւ տարաձայնություններ կան, սակայն բոլոր հարցերը հնարավոր է լինում կարգավորել արագ ու արդյունավետ, ի տարբերություն օրինակ Եվրոպայի։ Անդրադառնալով Ղրիմի վերաբերյալ Էրդողանի հայտարարություններին, նա ասաց, թե չգիտե ինչի մասին է խոսքը, բայց Ղրիմը հուսալի պաշտպանված է։
 
Նա ասել է, որ Էրդողանը չի ճանաչում Ղրիմը եւ Ղարաբաղը։ Միեւնույն ժամանակ, Ղարաբաղի մասին խոսելիս նա հիշատակել է հայերի քրիստոնյա լինելու հանգամանքը եւ ասել, որ այդ հակամարտությունը տարածքային ու միջպետական չէ, ամեն ինչ սկսել է էթնիկ բախումից՝ 1915-ի ողբերգությունից մինչեւ Սումգայիթում ու Ղարաբաղում հայերի ողբերգությունը։ Նա չի հիշատակել ցեղասպանություն բառը, միեւնույն ժամանակ չի հիշատակել Մոսկվայի դերը Սումգայիթում ու Ղարաբաղում հայերի ողբերգության հարցում, երբ ռուսական բանակը տեղահանում էր Ղարաբաղի ու հարակից շրջանների հոծ հայ բնակչությունը, ինչն էլ խոշոր հաշվով պայմանավորել է ներկայիս իրավիճակը։ Նա ասել է, որ Ադրբեջանի տարածքի մի զգալի մասը երկար ժամանակ կորսված է, եւ դա չի կարող երկար շարունակվել։
 
Ուրեմն, Ղրիմում ռուսներն իրավունքներ ունեն, իսկ Ղարաբաղն էթնիկ վեճ է՝ Ադրբեջանի տարածքում, եւ հայերն այլ իրավունքներ չունե՞ն։
 
Միեւնույն ժամանակ, Պուտինը խնդրել է ԱՄՆ-ին ավելի ակտիվ զբաղվել Ղարաբաղի հարցում լուծում գտնելու համար։ Պուտինը ձգտում է ամեն գնով պահել Ադրբեջանը, սակայն նախկին բոլոր սխեմաները չեն գործում, որոնք հիմնված էին ռուս-թուրքական համաձայնությունների վրա։ Նոր բան Մոսկվան չի մտածել, եւ ներկայիս իրադարձությունների ցանկացած ելքի դեպքում Մոսկվան կորցնում է Ադրբեջանը։ Մնում է իհարկե մեկ տարբերակ, եւ հենց թերեւս դա է Պուտինի՝ Վաշինգտոնին դիմելու պատճառը։
 
Կա իհարկե այլ տարբերակ, որը ռուս-թուրքական 100-ամյա սխեմաների կտրուկ վերանայումն է՝ հայերի հաղթանակով, որովհետեւ այս հարցում չեզոքություն ու անկողմնակալություն պահելու Մոսկվայի ձգտումը շրջվել է իր դեմ։ Պուտինը սպառնում է Ռուսաստանի թշնամիներին, բայց փաստ է, որ Մոսկվան իր ներկայիս քաղաքականության արդյունքում բոլոր ուղղություններով կորցնում է իր դիրքերը, եւ հերթական ուղղությունը Կովկասն է։
 
Հանուն ճշմարտության նշենք, որ Հայաստանն իր հերթին տարիների ընթացքում որեւէ քաղաքական հայեցակարգ չմշակեց ու չառաջարկեց Ռուսաստանին, որպես այլընտրանք։
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն