Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը. քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը


Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը. քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

  • 23-10-2020 13:24:26   | Ֆրանսիա  |  Մամլո հաղորդագրություն



Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:
 
ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից հայտնում են, որ զրույցի ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում:
 
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Մակրոնին՝ նշելով, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի և անձամբ նախագահ Մակրոնի ջանքերն ու դիրքորոշումը հակամարտության կարգավորման հարցում:
 
 
Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ Արցախի/Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիան շարունակվում է, թիրախավորվում են Արցախի բնակավայրերը, խաղաղ բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ քաղաքացիական բնակչության մեջ։
 
Հայաստանի նախագահը խոր մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող ռազմաքաղաքական աջակցության առնչությամբ՝ ընդգծելով, որ Թուրքիայի՝ որպես երրորդ կողմի նման ծավալի ներգրավվածությունն ավելի է սրում իրավիճակը և վտանգում տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը:
 
Նախագահ Սարգսյանն ասել է, որ տարածաշրջանի համար առանձնակի սպառնալիք են Թուրքիայի կողմից Ադրբեջան բերված և այնուհետև այդ երկրի բանակի կազմում Արցախի դեմ ռազմական գործողություններին մասնակցող իսլամիստ ահաբեկիչները, որոնք չի բացառվում, որ ինչ-որ ժամանակ հետո հայտնվեն նաև այլ երկրներում, այդ թվում՝ նաև Եվրոպայում:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն