Այսօր անհրաժեշտ է բոլորիս համախմբումը. Գագիկ Ծառուկյան


Այսօր անհրաժեշտ է բոլորիս համախմբումը. Գագիկ Ծառուկյան

  • 23-10-2020 15:24:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ բոլոր տարակարծություններն ու անհամաձայնությունները մի կողմ դնելու և Արցախ-Հայաստան-Սփյուռք մեկ բռունցք դարձած պայքարը շարունակելու ժամանակն է:
 
«Սիրելի՛ հայրենակիցներ, կուսակից ընկերներ, հարգելի՛ գործընկերնե.
 
Անազատության մեջ գտնվելու օրերի ընթացքում չի եղել գեթ մեկ վայրկյան, որ ես չմտածեմ ու չանհանգստանամ Արցախի և Հայաստանի անվտանգության, մեր զինվորների կյանքի համար: Թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի սանձազերծած պատերազմին դիմակայելու և թշնամուն արժանի հակահարված տալու համար այսօր անհրաժեշտ է մեզանից յուրաքանչյուրի ակտիվ մասնակցությունը:
 
Օրհասական այս իրավիճակում բոլոր տարակարծություններն ու անհամաձայնությունները մի կողմ դնելու և Արցախ-Հայաստան-Սփյուռք մեկ բռունցք դարձած պայքարը շարունակելու ժամանակն է: Ամեն կորցրած վայրկյանի համար մենք չափազանց թանկ գին ենք վճարում: Ես անասելի ցավ եմ ապրում յուրաքանչյուր զինվորի ու կամավորականի թափած արյան ամեն մի կաթիլի համար: Ցավակցություններս ու խոնարհումս մարտի դաշտում հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր բոլոր հայորդիների ընտանիքներին ու հարազատներին: Փա՛ռք ու պատի՛վ նրանց:
 
Թեպետ պատերազմի առաջին իսկ օրերից «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության մի շարք պատգամավորներ, տարածքային կառույցների պատասխանատուներ, հարյուրավոր կուսակցականներ եղել և այս պահին էլ առաջնագծում են, բայց այսօր անհրաժեշտ է բոլորիս համախմբումը: Կոչ եմ անում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության բոլոր անդամներին, մարզային կառույցների ներկայացուցիչներին՝ կամավորագրվել կուսակցության կողմից ձևավորվող ջոկատին:
 
Ես անձամբ եմ առաջնորդելու ԲՀԿ կամավորականների ջոկատը և իմ բոլոր ռեսուրսներով ու հնարավորություններով շարունակելու եմ լինել հայ զինվորի կողքին: Այսօր հայրենիքն ունի մեզանից յուրաքանչյուրի կարիքը: Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր ուժերի մեկտեղմամբ է միայն հնարավոր հաղթել: Մենք կորցնելու և որևէ մեկին տալու հայրենիք չունենք: Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում, և դա անբեկանելի ճշմարտություն է:
 
Աստված պահապա՛ն Հայաստանի և Արցախի Հանրապետություններին, հայ զինվորին և հայոց անպարտ բանակին…
 
Հ.Գ.- Կամավորագրվել ցանկացող բոլոր անձինք կարող են դիմել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային կառույցների պատասխանատուներին՝ գործընթացը կազմակերպելու համար»,- ասված է Ծառուկյանի հայտարարության մեջ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play