Հայկական կողմը ամեն ինչ արել է հրադադարը պահպանելու համար. ՀՀ վարչապետ

26-10-2020 19:20:34   | Հայաստան  |  Հասարակություն
 


Հայկական կողմն ամեն ինչ արել է
, որ հրադադարը պահպանվի. Արցախի ՊԲ-ն առավոտից շատ զսպված է եղել, բայց, այնուամենայնիվ, օրվա երկրորդ կեսից արձանագրվեց, որ արդեն երրորդ անգամ չհաջողվեց հրադադարը պահպանել. հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ միացմամբ:
 
«Արցախի ՊԲ-ն առավոտից շատ զսպված է եղել, բայց, այնուամենայնիվ, օրվա երկրորդ կեսին կարելի էր արձանագրել, որ հրադադարը, ըստ էության, տեղի չի ունեցել: Արդեն 3-րդ անգամ չհաջողվեց հրադադարը պահպանել»,- նշեց նա:
 
Վարչապետի խոսքով, ԱՄՆ նախագահը Թվիթերի գրառմամբ վստահություն էր հայտնել, նույնիսկ շնորհավորել իրեն և Ադրբեջանի նախագահին հրադադարի ձեռքբերման կապակցությամբ։ Փաշինյանն ասաց, որ դեռ չգիտի՝ այժմ ԱՄՆ նախագահը, որպես վերջին նախաձեռնության հեղինակ, ինչպես կարձագանքի  հրադադարի տապալմանը։
 
«Չգիտեմ՝ հաղորդագրություն եղել է թե ոչ, բայց կեսգիշերն անց հեռախոսազրույց եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ և նրան ուղիղ ասել եմ՝ սա իրենց համար առաջին հրադադարն
է, մեզ համար՝ երրորրդը։ Ասել եմ, որ ես կարող եմ մոտավորապես կանխատեսել, թե ինչ է տեղի ունենալու վաղը։ Ասել եմ, որ վաղը, մեծ հավանականությամբ, հրադադարը չի պահպանվի, և Ադրբեջանը կասի, որ հայկական կողմն է խախտել, և այսպես շարունակ»,- ասաց վարչապետը: Ապա հայտնեց, որ հիմնական հարցը, որ ուղղել է պետքարտուղարին, եղել է հետևյալը. եթե հրադադարը չպահպանվի, ինչպես են պարզելու, թե ով է դրա մեղավորը, և երկրորդ՝ ի՞նչ հետևանքներ է ունենալու հրադադարի խախտումը այն խախտող կողմի համար։
 
Վարչապետը կոռեկտ չհամարեց ասել, թե ինչ պատասխան է ստացել, բայց նշեց՝ հուսով է, որ այդ հարցերի պատասխանները ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը կհայտնի այսօր:
 
«Ես հույս ունեմ, որ ԱՄՆ ներկայացուցիչը կպատասխանի այս հարցերին այսօր, քանի որ այնտեղ արդեն լուսանում է: Այսինքն՝ արդյոք իրենք պարզեցի՞ն, թե ում գործողությունների հետևանքով է խախտվել հրադադարը, և եթե պարզեցին, ի՞նչ հետևանքներ է դա ունենալու հրադադարը խախտած կողմի համար»,- ասաց Փաշինյանը:
 
Վարչապետի խոսքով՝ կարևոր է նաև, թե հիմա ինչ և ինչպիսի աշխարհում ենք ապրում։
 
«Պատկերացնո՞ւմ եք մի իրավիճակ, երբ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահների՝ առայժմ միայն հրադադար հաստատելու և հարցի դիվանագիտական լուծում գտնելու ջանքերն անցնում են ապարդյուն։ Ընդ որում՝ խնդրում եմ, հանկարծ որևէ մեկը չկասկածի ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի  նախագահների անկեղծությանը։ Երեք նախագահները ամենայն անկեղծությամբ են ուզում հրադադար հաստատվի՝ առանց որևէ տոկոս կասկածի։ Այդ պետությունների ղեկավարներն իրենց անունը, պատասխանատվությունն են դնում այդ հրադադարի ջանքերի վրա:
 
ԱՄՆ-ի դեպքում հարցն ավելի է սրվում, քանի որ այդ երկրում հիմա նախընտրական արշավ է, և, ըստ էության, խոսքը միջազգային իրավիճակի վրա ազդելու նախագահ Թրամփի կարողությունների մասին է: Եթե ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան չեն կարողանում հրադադար հաստատել այս հակամարտության գոտում, դա նշանակում է, որ մենք հենց հիմա ապրում ենք բոլորովին ուրիշ աշխարհում, և պետք է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում այդ աշխարհը:
 
Ես չեմ պնդում, որ դա այդպես է, որովհետեւ մենք դեռ հույս ունենք, որ երեք նախագահների ջանքերը կոնկրետ արդյունքներ կտան»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 154 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար