Հայաստանում ուսումնական աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս 2 շաբաթով


Հայաստանում ուսումնական աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս 2 շաբաթով

  • 27-10-2020 10:14:24   | Հայաստան  |  Հասարակություն

Հաշվի առնելով համավարակի տարածմամբ ստեղծված իրավիճակը և ՀՀ առողջապահության նախարարության ցուցումը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել երկարաձգել աշնանային արձակուրդը ևս երկու շաբաթով՝ մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ:Բացառություն կլինեն 12-րդ դասարանցիները, որոնք հոկտեմբերի 30-ից կշարունակեն ուսումնառությունը հեռավար ձևաչափով և ուսումնական տարին կավարտեն ինչպես նախատեսված էր՝ հունիսի 4-ին։ «1-11-րդ դասարանցիների համար ուսումնական տարվա ավարտը կսահմանվի հունիսի 18-ը. առաջին կիսամյակն առաջարկվում է ամփոփել հունվարի 31-ին։ Նոյեմբերի 12-ից հետո, կախված համաճարակային իրավիճակից, քննարկվում է ուսումնական գործընթացը երկու ձևաչափով անցկացնելու հնարավորությունը։
 
Անգամ համաճարակային անբարենպաստ իրավիճակի դեպքում տարրական դասարաններում կիրականացվի առկա ուսուցում՝ անկախ դպրոցի տեղակայման վայրից, պահպանելով սանիտարահիգիենիկ նորմերը և կանոնները, իսկ միջին և ավագ դասարաններում` հեռավար ուսուցում:
 
Այն բնակավայրերում և համայնքներում, որտեղ չի գործում հանրային տրանսպորտ, առկա ուսուցում կիրականացվի նաև միջին և ավագ դասարաններում՝ պահպանելով սանիտարահիգիենիկ նորմերը և կանոնները։ Համաճարակային բարվոք իրավիճակի դեպքում ամբողջությամբ կիրականացվի առկա ուսուցում՝ պահպանելով սանիտարահիգիենիկ նորմերը և կանոնները»,- հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
 
Գերատեսչությունից տեղեկացնում են նաև, որ մինչև նոյեմբերի 12-ը չեն գործի նաև նախադպրոցական հաստատությունները, արվեստի, գեղարվեստի, երաժշտական և մարզադպրոցները։ Ուսումնարանները, քոլեջները և բուհերը կշարունակեն գործել հեռավար և առցանց ուսուցման ձևաչափով։
Նոյյան տապան  -   Հասարակություն