Բացահայտվել են լրտեսության և պետական դավաճանության դեպքեր. ԱԱԾ տնօրենի տեղակալ


Բացահայտվել են լրտեսության և պետական դավաճանության դեպքեր. ԱԱԾ տնօրենի տեղակալ

  • 27-10-2020 15:05:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանն ասուլիսի ժամանակ ներկայացրել է արտաքին հետախուզության ուղղությամբ իրականացված աշխատանքները: Նա տեղեկացրեց՝ Ադրբեջանի ուղղությամբ իրականացվող վերլուծական աշխատանքների ընթացքում արձանագրվել են մարտական գործողություններին մասնակցող արաբ գրոհայինների զրույցներ, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից պատերազմական գոտում տեղակայված մի շարք վարձկան գրոհայինների անձնական տվյալներ:
 
Հայաստանում ԱԱԾ-ն բացահայտել է նախկին բարձրաստիճան զինվորականի կողմից հակառակորդի համար փաստեր հավաքագրելու դեպք: «Տվյալ բարձրաստիճան զինծառայողը ՀՀ-ում տարբեր զորամասերից հավաքագրել է տարաբնույթ, այդ թվում նաև՝ գաղտնիք պարունակող տեղեկություններ, փոխանցել հակառակորդին»,- նշեց ԱԱԾ տնօրենի տեղակալը:
 
Ըստ Աբազյանի՝ մեկ այլ դեպքով էլ օտարերկրյա քաղաքացիները ձեռք են բերել ՀՀ-ում զորահավաքի, տեխնիկայի, տրանսպորտային շարժի և այլ բնույթի տեղեկություններ։ Երկու դեպքում էլ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
 
ԱԱԾ տնօրենի տեղակալն անդրադարձավ նաև պատերազմական գործողությունների առաջին օրերին զինծառայողների շրջանում կեղծ լուրեր տարածելու դեպքին: «Զինծառայողների շրջանում կեղծ լուրերի տարածման ուղղությամբ ձեռք են բերվել տվյալներ, որ Ն.Մ.-ն 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող համածառայակիցների շրջանում տարածել է կեղծ և ստահոդ լուրեր ՀՀ իշխանությունների կողմից հողերը հանձնելու վերաբերյալ։ Տվյալ անձը ձերբակալվել է, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- ասաց ԱԱԾ փոխտնօրենը:
 
Աբազյանը նաև նշեց, որ ԱԱԾ-ն մեծածավալ աշխատանք է իրականացնում ՀՀ-ում գործող հսկիչ անցակետերում։ Պաշտպանության նախարարի, ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի համատեղ հրամանների համաձայն՝ Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի ավտոճանապարհների որոշ հատվածներում տեղադրվել են 10-ից ավելի անցակետեր, որտեղ իրականացվում են շուրջօրյա աշխատանքներ՝ բացահայտելու օտարերկրյա հնարավոր լրտեսների ներթափանցումը և դիվերսիոն խմբավորումների բացահայտումը Հայաստանի Հանրապետությունում։ Աբազյանը նաև ընդգծեց, որ այդ շրջանակներում նաև արձանագրվել և բացահայտնվել են զենք-զինամթերք Հայաստան տեղափոխելու մի շարք դեպքեր։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն