Թրամփի հիասթափության գինը. Վաշինգտոնը հնարավորություն է տվել Կրեմլին


Թրամփի հիասթափության գինը. Վաշինգտոնը հնարավորություն է տվել Կրեմլին

  • 28-10-2020 13:22:05   | Հայաստան  |  Վերլուծություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի չպահպանումով: Թրամփը չի մանրամասնել, թե հատկապես ումից է հիասթափված, բայց ամերիկյան տեխնոլոգիաները նրան անկասկած հնարավորություն տալիս են պարզելու, թե ո՞վ է խախտել հրադադարը, ո՞վ եւ ինչպե՞ս է կրակել կամ հրթիռակոծել հոկտեմբերի 26-ի առավոտյան 8-ից հետո, երբ պետք է ուժի մեջ մտներ հրադադարը:
 
Հետեւաբար, Թրամփը չի կարող հիասթափվել անհասցե կամ լղոզված: Հակառակ պարագայում, հիասթափություն է առաջացնելու ինքը՝ ԱՄՆ նախագահը, որը ակնկալում է վերընտրվել այդ պաշտոնում:
 
Ըստ այդմ, ո՞րն է Թրամփի հիասթափության գինը եւ ո՞վ պետք է վճարի այն՝ Բաքու՞ն, որ պատերազմի եւ հրադադարի խախտման գործիքն է, թե՞ Անկարան, որը պատերազմի հրձիգն է: Թրամփը պարբերաբար հիշեցնում է Թուրքիայի վրա մեծ ազդեցությունը, բայց դա գոնե առայժմ չի ազդում Կովկասում պատերազմ սկսած Էրդողանի վրա:
 
Որ Նահանգները ազդել իրապես կարող է, կասկած չկա: Ամբողջ հարցն այն է, թե ինչպես, երբ եւ կկիրառի՞ արդյոք ազդեցության գործիքակազմը: Դա էլ իհարկե որոշվելու է քաղաքական գնով: Որովհետեւ, եթե Վաշինգտոնը զսպում է Անկարային, դա բխում է Ռուսաստանի շահից: Այդ դեպքում Թրամփի մոտ առաջանում է հարցը, թե որն է իր շահը:
 
Մյուս կողմից, սակայն, ԱՄՆ-ն հնարավոր է ընտրել է այդ տարբերակ՝ ոչ թե ինչ որ բան անել Ռուսաստանի համար, օգնելով Մոսկվային այդ կերպ, այլ օգնել, որպեսզի ինչ որ բան կարողանա անել Մոսկվան: Այսինքն, ԱՄՆ-ն չի կանգնեցնում Անկարային, բայց նրա վրա ճնշմամբ ստեղծում է վիճակ, երբ Թուրքիան չի կարողանում ամուր եւ վստահ դիրքից խոսել Ռուսաստանի հետ: Եվ հակառակը՝ Թուրքիայի հետ վստահ կարող է խոսել Մոսկվան:
 
Արդյոք Վաշինգտոնին հաջողվում է ստեղծել այդ վիճակը: Համենայն դեպս հատկանշական է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանն արդեն երկրորդ անգամ իր նախաձեռնությամբ զանգահարում է Պուտինին: Ընդ որում, հետաքրքիր է, որ երկու անգամ էլ դա տեղի է ունենում ԱՄՆ որոշակի գործողության ֆոնին: Մասնմավորապես, Էրդողանն առաջին անգամ զանգահարեց Պուտինին պատերազմից 18 օր անց, երբ առաջին անգամ Թուրքիայի մասնակցության մասին խոսել էր ԱՄՆ պետքարտուղարն ու ասել, թե կոչ են անում չաջակցել Բաքվին:
 
Երկրորդ անգամ Էրդողանը Պուտինին զանգահարում է պետքարտուղար Պոմպեոյի վարչապետ Փաշինյանի եւ Ալիեւի հետ հեռախոսազրույցներից հետո, որտեղ նա պնդել է հրադադարի անհրաժեշտությունը, իսկ Թրամփն էլ հայտնել է իր հիասթափությունն այն չպահելու առիթով:
 
Ինչպե՞ս է օգտագործում Պուտինը ԱՄՆ ընձեռած այդ հնարավորությունը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն