Հարձակում Ֆրանսիայի վրա. միացյալ Եվրոպայի վերջը

29-10-2020 15:37:58   | Հայաստան  |  Վերլուծություն



Ֆրանսիական Նիցցում տաճարի մոտ անհայտ անձը դանակով հարձակվել
է մարդկանց վրա, կան զոհեր եւ վիրավորներ: Զոհվածները տղամարդ եւ կին են: Ըստ տեղեկության նրանցից մեկը գլխատված է: Հարձակվողին ձերբակալել են, նա վիրավորվել է եւ հոսպիտալացված է: Նիցցի քաղաքապետը ասել է, որ տեղի ունեցածն ահաբեկություն է:
 
Տեղի ունեցածը թերեւս ավելին է, քան ահաբեկությունը՝ դա հարձակում է Ֆրանսիայի վրա, քանի որ ակնառու է ամբողջական շղթայի մի մաս լինելը: Հարձակման հրամանը տվել է Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հասցեին փողոցային բառապաշարով հայտարարությունների տեսքով: Իսկ դրանք հաջորդել էին «լուսավորյալ իսլամի» վերաբերյալ Մակրոնի հայտարարություններին, այն բանից հետո, երբ իսլամադավան երիտասարդը մի քանի օր առաջ հարձակվել ու գլխատել էր ֆրանսիական դպրոցներից մեկի ուսուցչին այն բանի համար, որ ուսուցիչը ցուցադրել էր կրոնական թեմայով ծաղրանկարներ ու խոսել խոսքի ազատության եւ ազատ արտահայտման արժեքների մասին:
 
Ակնառու է, որ ժամանակակից Ֆրանսիայում, Եվրոպայում ընդհանրապես բախվել են այդ արժեքներն ու բազմամշակութայնությունը, որի մի ստվար մաս կազմում է այլեւս իսլամադավանությունն իր ծայրահեղ դրսեւորումներով: Այդ բախումը գործնականում առաջացրել է եվրոպական անվտանգության եւ ինքնիշխանության ահռելի վտանգ: Անվտանգության այդ խորքային
ճեղքվածքից օգտվում է Թուրքիայի նախագահ Էրդողանը, փորձելով իր կանոնները թելադրել Եվրոպային, տվյալ պարագայում Ֆրանսիային:
 
Ի՞նչ կարող են անել Ֆրանսիան ու միացյալ Եվրոպան այդ իրողության դեմ: Կա՞ դիմակայության եւ ճեղքվածքի լուծման ռեսուրս, եւ ո՞րն է այն: Աներկբա է, որ այլեւս չկա միացյալ Եվրոպա որպես այդպիսին, որովհետեւ միացյալը պետք է ենթադրի նաեւ ամբողջականություն անվտանգային համակարգի իմաստով: Մինչդեռ ճեղքվածքը ակնառու է եւ այն խորանում է:
 
Ֆրանսիայի նախագահի հասցեին Էրդողանի հայտարարություններն արժանացան Եվրոպայի մի շարք երկրների ղեկավարների եւ պաշտոնյաների դատապարտման, Մակրոնին հայտնեցին զորակցություն: Բայց այդ ամենը խոշոր հաշվով չունի քաղաքական որեւէ արժեք, քանի դեռ վերածված չէ կոնկրետ քաղաքական գործընթացի, որը թույլ կտա ստեղծել նոր իրավիճակ եւ փակել անվտանգային խորքային ճեղքը, որ առկա է եվրոպական արժեհամակարգային արդիականության եւ բազմամշակութայնության հարաբերության ճգնաժամի տեսքով:
 
Իսկ դրա համար պետք է իրապես միացյալ Եվրոպա, որը չկա: Հետեւաբար, առաջանում է եվրոպական ինքնակազմակերպված «կլաստերային» դիմադրության խնդիրը: Ակնառու է, որ թվացյալ եղած «միացյալությունը» խնդիրների լուծման հնարավորություն է Թուրքիայի, ոչ թե Եվրոպայի համար: Պետք է փնտրել նոր հնարավորություն, ինչը գտնելու համար պետք են նոր ձեւաչափային կամք եւ պատկերացումներ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 331 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար