Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ

29-10-2020 15:43:44   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն



Գերագույն հոգևոր խորհուրդը, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, հանդես է եկել հայտարարությամբ։
 
ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
 
Արցախի Հանրապետությունը արդեն մեկ ամիս դիմակայում է Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ հարձակմանը, որին բացահայտ իր մասնակցությունն է բերում Թուրքիան՝ ներգրավելով ինչպես միջազգային ահաբեկչական խմբավորումների վարձկան գրոհայինների, այնպես էլ թուրքական բանակի հատուկ ջոկատայինների և մատակարարելով գերժամանակակից մեծաքանակ զենքեր: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը այս ընթացքում կիրառելով իր ողջ զինանոցը, այդ թվում և միջազգայնորեն արգելված զինատեսակները, թիրախավորում է Արցախի բնակավայրերը, նաև խնամատարական, կրթական, մշակութային և պաշտամունքային նշանակության բազմաթիվ շինություններ, ընդհուպ՝ Ստեփանակերտի ծննդատունը, ինչն աննախադեպ վարքագիծ է՝ անգամ ահաբեկչական խմբավորումների վարքագծի տեսանկյունից: Հայրենիքի պաշտպանության
սրբազան պայքարում ունենք հարյուրավոր վիրավոր և նահատակ զինվորականներ, բնակավայրերի հրետակոծության հետևանքով կան բազում վիրավորվածներ և զոհեր խաղաղ բնակչության մեջ։
 
Արցախի ժողովրդի հանդեպ  իրականացված այս ոճրագործությունների համար Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես նաև այդ ոճրագործություններին աջակցող և անմիջական մասնակից ռազմաքաղաքական մյուս գործիչները պետք է կանգնեն միջազգային դատական ատյանների առջև և պատասխանատվության ենթարկվեն իբրև մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կազմակերպիչներ։
 
Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է անում միջազգային հանրությանը, ի մասնավորի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, հավատարիմ հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման սկզբունքներին, առավել գործնական, ազդեցիկ ու վճռական միջոցներ գործադրել արյունահեղության կասեցման, տարածաշրջանում խաղաղության վերահաստատման և արցախահայության ինքնորոշման և պարզապես մարդկանց կյանքի, ապրելու իրավունքի իրացման համար: Արցախի հարցը ռազմական ճանապարհով վճռելու, արցախահայությանը բնաջնջելու Ադրբեջանի քաղաքականությունը վերստին փաստում է այն իրողությունը, որ Արցախի համար չի կարող լինել անվտանգության երաշխիք Ադրբեջանի կազմում։
 
Գերագույն հոգևոր խորհուրդը բարձրորեն գնահատում է Մինսկի խմբի համանախագահող երկրների հետևողական ջանքերը՝ ուղղված մարդասիրական հրադադարի հաստատմանը և պահպանությանը, որը երրորդ անգամը լինելով, բացահայտ խախտվում է Ադրբեջանի կողմից: Լիահույս ենք, որ Մինսկի խմբի համանախագահողների կողմից կգտնվեն արցախյան հակամարտության հանգուցալուծման ուղիներ և մարդկային
անմեղ կյանքերը չեն զոհաբերվի սոսկ աշխարհաքաղաքական շահերին: Այսօր Արցախը կարիք ունի համայն աշխարհի հումանիտար աջակցության։
 
Աղոթում ենք, որ Տերը օրհնի Հայաստան և Արցախ մեր հայրենի երկիրը, ամենազոր Իր Սուրբ Աջի հովանու ներքո հույսով ու հավատքով զորավոր ու միասնական պահի մեր ժողովրդին և զորացնի բազուկը հայրենյաց մեր քաջարի պաշտպանների։
 
Թող Ամենողորմ Աստված խաղաղության մեջ պահի համայն աշխարհը՝ զերծ պատերազմի արհավիրքներից, ցավերից ու վշտերից։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 133 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար