Ժնեւում Հայաստանը Բաքվի հետ խոսելու բան չունի, այլ հարցեր պետք է դնի Մինսկի խմբի առաջ

29-10-2020 17:08:17   | Շվեյցարիա  |  Քաղաքական



Հոկտեմբերի 30-ին Ժնեւում նախատեսված է Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի ու Բաքվի արտգործնախարարների հանդիպումը: Ալիեւը կրկին նախապայմանների ցանկ է հրապարակել այդ հանդիպումից առաջ, մինչ այդ համապատասխան իրավիճակ ստեղծելով ռազմաճակատում՝ դիվերսիոն խմբերի ներթափանցման եւ խաղաղ բնակավայրերի զանգվածային հրետակոծությունների տեսքով, այդ թվում՝ պայթյուններ կազմակերպելով Բարդա քաղաքում:
 
Ալիեւի ռազմավարությունը պարզ է, եւ նա Ժնեւում փորձելու է կապիտալիզացնել այս իրավիճակը, փաստի առաջ կանգնեցնելով բոլորին:
 
Հայաստանն, իր հերթին, բազմաթիվ հայտարարություններ է արել՝ ուղղված միջազգային հանրությանը՝ Բաքվին
ու դրա հանցախմբի պարագլխին մեղադրելով ահաբեկության եւ պատերազմական հանցագործությունների մեջ: Բացի այդ, հայկական կողմը հակառակորդին մեղադրել է բոլոր տեսակի պայմանավորվածությունները խախտելու մեջ:
 
Ժնեւի հանդիպման նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ Բաքվի նպատակը Արցախի էթնիկ զտումներն են:
 
Ըստ այդմ, Հայաստանի ԱԳ նախարարը Ժնեւում Բաքվի հետ խոսելու բան չունի, այլ հարցեր պետք է դրվեն Մինսկի խմբի առջեւ: Մասնավորապես, Մինսկի խմբի համանախագահության առջեւ պետք է դրվի այդ հանդիպման իմաստի հարցը՝ ո՞րն է այն, Բաքվի հանցագործությունների, ահաբեկչության, ահաբեկչական ճամբարների ստեղծման, էթնիկ զտումների օրինականացո՞ւմը: Հայկական կողմն արդեն ունի Հադրութի օրինակը:
 
Եթե խոսք է գնում վերիֆիկացիոն մեխանիզմների մասին, ապա դրանք պետք է սահմանվեն 1994-ի զինադադարի համաձայնագրի բնագծերով, քանի որ հետագայում հայտարարված զինադադարները չեն պահպանվել:
 
Հայաստանը հարցեր պետք է տա Մինսկի խմբին,
իսկ Բաքվի հետ խնդիրները լուծվելու են մարտի դաշտում: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ բանակցությունը բանակցություն, բայց հայկական զինուժը չի համակերպվելու ներկայիս բնագծերի հետ եւ այլ պլաններ ունի՝ այլ բնույթի ու տարածքի գործողություններ:
 
Հայկական կողմը պետք է իր ռազմավարությունը հստակեցնի այս հարցերում:
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 262 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար