Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռոբերտ Օ'Բրայենի հետ
30-10-2020 10:37:08 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենի հետ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից:
ՀՀ վարչապետն ԱՄՆ նախագահի խորհրդականի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը, ոտնահարելով միջազգային հարաբերություններում ընդունված բոլոր նորմերը և անտեսելով ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների ջանքերը, երեք անգամ անընդմեջ խախտում է հրադադարի մասին պայմանավորվածությունները, որոնցից վերջինը ձեռք էր բերվել ԱՄՆ մայրաքաղաքում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ հարցում Ադրբեջանին սատարում է Թուրքիան, և հնարավոր չէ ապահովել հրադադարի պահպանումը՝ առանց մատնանշելու, թե որ կողմն է խախտել այն, և ովքեր են շահագրգռված պատերազմի շարունակմամբ:
Ամերիկյան կողմը հավաստիացրել է, որ շարունակելու է միջնորդական գործունեությունը հրադադարի հաստատման ուղղությամբ և կարևորել հակամարտության մեջ երրորդ ուժերի ներգրավվածության բացառումը: