Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա. ՀՀ վարչապետի խոսնակը մանրամասնել է

30-10-2020 17:59:38   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու և քննարկումների արդյունքում Հայաստանի կառավարությանը ստեղծված իրավիճակից կոնկրետ լուծումներ առաջարկելու համար: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
 


«Ի պատասխան լրատվամիջոցների հարցերի տեղեկացնում եմ, որ ԼՂՀ երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրել են, որ ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու և քննարկումների արդյունքում
Հայաստանի կառավարությանը ստեղծված իրավիճակից կոնկրետ լուծումներ առաջարկելու համար»,- գրել է Գևորգյանը:
 
ԼՂՀ պաշտոնաթող նախագահները առաջարկել են, որ հնարավոր այցի արդյունքները քննարկվեն Հայաստանի և ԼՂՀ նախկին և ներկա ղեկավարների հանդիպման ժամանակ:
 
«Վարչապետ Փաշինյանը, ընդգծելով, որ չի կարող խոչընդոտ հանդիսանալ ի նպաստ Հայաստանի և Արցախի հնարավոր որևէ քայլի՝ համաձայնել է առաջարկությանը: Մեր տեղեկություններով պաշտոնաթող նախագահները դեռևս Հայաստանից չեն մեկնել: Ամեն դեպքում, վարչապետը և կառավարությունը բաց են ստեղծված իրավիճակի հանգուցալուծման առաջարկների համար և երբեք չեն հրաժարվել նման առաջարկների քննարկումից»,- նշել է Մանե Գևորգյանը:
 
Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 464 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար