Շատ մեծ գումար չէ, մարդկանց գրպանին չի խփի․ «Ոսկե ծիրանը» կցուցադրի Արցախին նվիրված ֆիլմեր


Շատ մեծ գումար չէ, մարդկանց գրպանին չի խփի․ «Ոսկե ծիրանը» կցուցադրի Արցախին նվիրված ֆիլմեր

  • 02-11-2020 17:40:38   | Հայաստան  |  Մշակույթ

Կիրակի՝ նոյեմբերի 1-ին, Երեւանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի «Նվիրում Արցախին» նախագիծը։
 
Փառատոնն այս նախագծով միացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքին։ Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի մամուլի պատասխանատու Ռոզա Գրիգորյանը։ Նախագծի ֆիլմերը ցուցադրվում են Կինոյի տանը եւ մեկնարկը տրվել է Նորա Մարտիրոսյանի՝ Արցախին նվիրված «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի պրեմիերայով։ Ֆիլմն ընդգրկված է նաեւ Կաննի կինոփառատոնում։ Երեւանում այս ֆիլմը եւս մեկ անգամ կցուցադրվի նոյեմբերի 6-ին՝ ժամը 20։00։ «Ոսկե ծիրանը այս ֆիլմերը երկու անգամ ցուցադրելու իրավունք ունի եւ մենք օգտվելով այդ իրավունքից ծառայեցնում ենք բարի նպատակի»,- ասաց նա։
 
«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմում միջազգային աուդիտոր Ալենը եկել է գնահատելու կովկասյան մի ինքնահռչակ փոքր հանրապետության օդանավակայանը հնարավոր՝ վերագործարկման համար կանաչ լույս վառելու նպատակով: Օդանավակայանում տարօրինակ առեւտրով զբաղվող տեղացի տղայի՝ Էդգարի շնորհիվ Ալենն ամեն ինչ վտանգում է՝ օժանդակելով կղզիացած այդ տեղանքի բացմանը:
Կինոյի տանը ցուցադրվելու են եւս 5 ռեժիսորների՝ Արցախի մասին նկարված ֆիլմեր։ Տոմսի արժեքը 1000 դրամ է։ Վաճառքից գոյացած ողջ հասույթն ուղղվելու է հիմնադրամին։ «Դա այն գումարն է, որ յուրաքանչյուր անձ էլ կարող է իրեն թույլ տալ։ Շատ մեծ գումար չէ, մարդկանց գրպանին չի խփի, դրա համար այդքան է որոշվել որպես տոմսի արժեք»,-ասաց Ռոզա Գրիգորյանը։
 
Նախագծում ընդգրվել է նաեւ վերջերս մոսկովյան միջազգային կինոփառատոնից հանված Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը։ Այն կցուցադրվի նոյեմբերի 5-ին, ժամը 20։00-ին եւ նոյեմբերի 6-ին, ժամը 18։00-ին։
 
«Դրախտի դարպասը» ֆիլմի լեզուն անգլերենն է, նպատակը մեկն է՝ Արցախի մասին պատմող ֆիլմը հնարավորինս շատ մարդու հասանելի դարձնել: Ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը աշխարհահռչակ դերասան Ռիչարդ Սամելն է: Նա մարմնավորում է գերմանացի ֆոտոլրագրող 50-ամյա Ռոբերտ Ստենվալի կերպարը, որը 2016 թվականին վերադառնում է Արցախ՝ այս անգամ էլ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված ապրիլյան պատերազմը։
 
Լրագրողական հետաքննության ընթացքում ֆոտոլրագրողը ծանոթանում է 35-ամյա օպերային երգչուհի Սոֆյա Մարտիրոսյանի հետ: Ռոբերտի եւ Սոֆյայի հաճախակի հանդիպումների արդյունքում փոխադարձ սեր է ծնվում: Հետագայում պարզվում է, որ Սոֆյան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի դուստրն է: 1992 թվականին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը Էդգարին թողել էր գյուղում՝ գերեվարության մեջ ու յուրացրել մարտի դաշտում արված նրա լուսանկարները: Հետագայում Ռոբերտն այդ լուսանկարների շնորհիվ հանրահայտ է դառնում: Սակայն տարիներ հետո դրախտի դարպասների առաջ Ռոբերտը զղջալով խոստովանում է իր կատարած մեղքը: Ֆիլմում օպերային երգչուհի Սոֆյան պարբերաբար ելույթներ է ունենում Ստեփանակերտի մայր թատրոնում՝ հակառակ բոլորի պնդմանը, որ թատրոնի շենքը վատ վիճակում է եւ վտանգավոր է: Սոֆյայի կերպարը մարմնավորում է դերասանուհի Տատյանա Սպիվակովան: Տատյանա Սպիվակովան աշխարհահռչակ ջութակահար Վլադիմիր Սպիվակովի եւ հայ դերասանուհի Սաթի Սպիվակովայի դուստրն է։ Ի դեպ, Տատյանան այս օրերին շատ ակտիվ է մեդիահարթակում, նա բազմիցս բարձրաձայնել է Ադրբեջանի սանձազերծ ագրեսիայի ու Արցախում կատարվածի մասին։ Մի քանի օր առաջ էլ հանդիսատեսին դատին հանձնեց իր հեղինակած կարճամետրաժ ֆիլմը՝ նվիրված Արցախին։
 
Սիլվա Խնկանոսյանի՝ Ռոտերդամի եւ Լայպցիգի միջազգային կինոփառատոների ծրագրերում ընդգրկված «Վախենալու ոչինչ չկա» ֆիլմը հանրությանը կներկայացվի նոյեմբերի 3-ին, ժամը 20։00-ին։
 
«Վախենալու ոչինչ չկա» ֆիլմում 2018-ի հունվարն է․ Լեռնային Ղարաբաղի սարերում հինգ կին մետր առ մետր ականազերծում են «Լաչինի միջանցքը»՝ մարտական նախկին մի գոտի, որտեղ հազարավոր ականներ են տեղադրված: Ֆիլմը նրանց խիստ մանրակրկիտ աշխատանքի, դրա հետեւանքով առաջացած լարման եւ մարդասիրության շնորհիվ վախը հաղթահարելու մասին է:
 
Հակոբ Մելքոնյանի՝ պատերազմի թեման արծարծող «Բլոկադա» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 3-ին, ժամը 18։00-ին և նոյեմբերի 5-ին, ժամը 18։00-ին։
 
«Բլոկադա» Ֆիլմում Չինարի, հայկական գյուղն է: Երեսուն տարի շարունակ Չինարիի բնակիչները ջանում են գոյատեւել հայ-ադրբեջանական պատերազմի եւ շրջափակման պարտադրած դժվարին պայմաններում։ Նրանց թվում է Պետրոսյանների ընտանիքը: Ֆիլմը ներկայացնում է ընտանիքի առօրյա կյանքը գոյատեւման պայքարում:
 
Գարեգին Պապոյանի՝ Արցախին նվիրված «Բարի թռիչք» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 2-ին, ժամը 20։00 եւ նոյեմբերի 4-ին, ժամը 18։00-ին։
 
Փոքր քաղաքի մոտակայքում գտնվող օդանավակայանի քնաթաթախ անձնակազմն իր սովորական առօրյայի մեջ է. հսկողության սենյակում եղանակային պայմաններն են ստուգվում, գործավարը տնօրենի համար սուրճ է պատրաստում, աշխատակիցները մտնում են պարտադիր բժշկական ստուգման, մինչ հավաքարարներն ապահովում են մարմարե հատակի անթերի մաքրությունը... Բայց մի բան տեղը չէ. օդանավեր եւ ուղեւորներ ոչ մի տեղ չեն երեւում: Հակասական նկարագրությամբ ֆիլմը պատկերում է սառեցված ռազմական հակամարտության հետեւանքով քաղաքական փակուղում հայտնված հետխորհրդային մի անսովոր համայնքում տիրող անհեթեթորեն հեգնալի իրավիճակը: Անկախացած Արցախի Հանրապետությունում Ստեփանակերտի վերջերս վերակառուցված եւ փոքր քաղաքացիական թռիչքների համար լիովին պատրաստ օդանավակայանը հրթիռային հարվածների մշտական վտանգի պատճառով չի գործում: Չցանկանալով վտանգել մարդկանց կյանքը՝ օդանավակայանը, այդուհանդերձ, մնում է «բաց»: Սպասողական վիճակում գտնվող հաստատությունը գործունակ պահելու ամենօրյա ձանձրալի ծեսն աշխատողներին վերածել է սերտորեն կապված ընտանեկան միավորի, որտեղ ամեն ոք իր անձնական երազանքով է ապրում՝ հուսալով հասնել սահմաններ հատելու եւ հյուրեր ընդունելու տարրական ազատությանը:
 
Լիտվայում բնակվող մեր հայրենակից Մարատ Սարգսյանի՝ Վենետիկի միջազգային կինոփառատոնում ընդգրկված «Ջրհեղեղ չի լինելու» կինոնկարը հայ հանդիսատեսը կկարողանա դիտել նոյեմբերի 2-ին, ժամը 18։00 եւ նոյեմբերի 4-ին, ժամը 20։00։-ին։
 
Ֆիլմում երկնագույն էկրանն ազդարարում է, որ պատերազմ է սկսվել: Ի՞նչ է հարկավոր պատերազմի համար. զորագրել տղամարդկանց, հրազեն հայթայթել, կամ գուցե մեկնումեկը կտրամադրի: Անհրաժեշտ են տարածք, երկիր, որտեղ էլ կընթանա պատերազմը: Խնդիր չէ, գնդապետը իր գործի վարպետն է. բազմաթիվ առիթներով տարբեր երկրներում պատերազմներ է հրահրել պատվերի համար կամ պատվերով: Հիմա հետեւորդները մեծացել ու նրա երկրում են պատերազմ սկսել: Անհրաժեշտ է, որ նա իր հմտությունները ցուցադրի: Թեեւ չի ցանկանում, բայց պետք է կռվի: Նա կողմերից մեկի գնդապետն է եւ ստիպված է սպանել համերկրացիներին: Դա ծանր է, գնդապետն ինքն էլ խոցվում է, երբ զինվոր է մեռնում: Ծեր ու պատերազմից հոգնած՝ այլեւս ի զորու չէ որեւէ բան փոխել եւ պարզապես ուզում է պատվով հեռանալ ու ապագա սերունդների աչքում հերոս մնալ: Սակայն սրտի խորքում նա ցանկանում է լինել տանը եւ գառան համեղ կողերով լի գոլորշարձակ ամանը սեղանին՝ սեւեռվել անմեղ երկնագույն հեռուստաէկրանին, որտեղից լուրերի թողարկման ժամանակ կոկիկ հագնված հաղորդավարն ազդարարում է, որ պատերազմը սկսվել է:
 
«Նվիրում Արցախին» նախագծի ֆիլմերի ցուցադրությունների տոմսերի նախնական վաճառքն իրականացվելու է առցանց՝ Idram հավելվածի միջոցով։ Տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել նաեւ տեղում՝ Կինոյի տանը, յուրաքանչյուր ցուցադրությունից 2 ժամ առաջ, Idram-ի տերմինալների միջոցով։ Հավելենք նաեւ, որ IDBank-ն ու Idram-ը եռակողմ հուշագիր են կնքել «Ոսկե ծիրան»-ի հետ, որի արդյունքում երկու կառույցները հիմնադրամին կփոխանցեն եւս նույնքան գումար՝ այդպիսով կրկնապատկելով նվիրատվությունը։
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play