Սիմֆոնիկ նվագախմբի բարեգործական համերգների արդյունքում հավաքված 30 մլն դրամը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին
02-11-2020 18:08:53 | Հայաստան | Մշակույթ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպած չորս բարեգործական համերգի ընթացքում հանգանակվել է 30 միլիոն դրամ։ Առցանց և տեղում հանգանակություն են արել հարյուրավոր քաղաքացիներ։
Վերջին՝ չորրորդ համերգը տեղի ունեցավ այսօր Գարեգին Նժդեհի հուշարձանի հարևանությամբ։ Հնչեցին հայրենասիրական‚ ժողովրդական երգեր‚ ինչպես նաև՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հիմնը դարձած «Անունս Արցախ է» երգը՝ Շուշան Պետրոսյանի կատարմամբ (երաժշտություն՝ Արման Ղազարյանի‚ խոսք՝ Ավետ Բարսեղյանի)։
Բարեգործական համերգին ներկա էր ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը‚ ով իր երախտագիտությունը հայտնեց համերգների կազմակերպիչներին։
«Կարևոր է‚ որ մեր աջակցությունը թիկունքից լինի շատ մեծ‚ որովհետև ճակատում շատ մեծ կռիվ է ընթանում‚ ու շատ մեծ գործ է արվում։ Տղաներն իրենց կյանքն են դրել‚ և ամեն օր ճակատ են մեկնում նորանոր մարդիկ։ Նրանց կռիվը պետք է հաղթանակով պսակվի։ Վստահաբար հաղթելու ենք‚ և այդ հաղթանակը նաև ձեզնից է կախված։ Անչափ կարևոր է‚ որ այս դրամահավաքը շարունակություն ունենա‚ մշտական ներդրումներ լինեն‚ որովհետև և´ ապրողները‚ և´ մեր ապրելու համար իրենց կյանքը նվիրաբերածների ընտանիքները պետք է զգան բոլորիս աջակցությունը»‚- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։