Հարութ Սասունյան. Նախագահ Թրամփը կորցնում է վերընտրությունը․ մեր քառամյա մղձավանջն ավարտվեց


Հարութ Սասունյան. Նախագահ Թրամփը կորցնում է վերընտրությունը․ մեր քառամյա մղձավանջն ավարտվեց

  • 11-11-2020 11:25:03   | Հայաստան  |  Վերլուծություն

Ամիսներ տևած սուր բանավեճերից և անախորժ վիճաբանություններից հետո ընտրությունները վերջապես ավարտվեցին: Թրամփի կողմնակիցները հարյուր տոկոսով վստահ էին, որ նա վերընտրվելու է: Ես խորհուրդ էի տալիս բոլորին՝ այդքան ինքնավստահ չլինել իրենց կանխատեսումներում, որպեսզի չամաչեն, եթե պարզվի, որ իրենք սխալ դուրս եկան:
 
Այժմ գալիս է կեղծ կանխատեսման երկրորդ էջը: Թրամփի կողմնակիցները, հետևելով նախագահի օրինակին, հրաժարվում են ճանաչել ընտրությունների արդյունքները: Վերջին մի քանի օրվա ընթացքում մենք հանդիպեցինք տարբեր տեսակի դավադրության խելահեղ տեսությունների, որոնք կասկածի տակ են դնում ընտրությունների արդյունքը: Ինչպե՞ս կարող է ինչ-որ մեկն այդքան դյուրահավատ լինել՝ հավատալու նման կեղծ պնդումների: Ինչպես և սպասվում էր, Թրամփը հրաժարվում է զիջել և արժանավայել ձևով լքել իր պաշտոնը։ Թրամփը դժգոհ պարտվող է։ Չնայած ճիշտ է, որ դատարանները կորոշեն, եթե այդ կեղծ հայցերը վավերական են, թե ոչ, բայց ոչ մի հավաստի ապացույց չի ներկայացվել ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնելու համար: Գրեթե յուրաքանչյուր ողջամիտ մարդ ընդունել է Ջո Բայդենի հաղթանակը և նախագահ Դոնալդ Թրամփի պարտությունը։ Անգամ նախկին նախագահ, հանրապետական Ջորջ Բուշը շնորհավորեց նորընտիր նախագահ Բայդենին։  Ջո Բայդենին շնորհավորել են նաև աշխարհի բազմաթիվ ղեկավարներ:
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիններից էր, որ շնորհավորեց Բայդենին: Ահա Փաշինյանի կարևոր ուղերձը.
 
«Համոզված եմ, որ երկարամյա քաղաքական ու օրենսդիր գործունեության ընթացքում ձեռք բերած հարուստ փորձառությունը և գիտելիքները կուղեկցեն Ձեզ` բարօրության և առաջընթացի ճանապարհով Միացյալ Նահանգներն ու նրա ժողովրդին առաջնորդելու Ձեր գործունեության մեջ: Ձեր գործունեության ընթացքում դուք մեծ ներդրում եք կատարել հայ-ամերիկյան բարեկամության և փոխշահավետ համագործակցության ամրապնդման գործում: Հայ ժողովուրդը բարձր է գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչման և իր իրավունքների պաշտպանության հարցում Ձեր կողմից ցուցաբերած սկզբունքային դիրքորոշումը: Հավատացած եմ, որ Ձեր նախագահության ընթացքում հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները, որոնք խարսխված են ընդանուր ժողովրդավարական արժեքների վրա, կշարունակեն վերելք ապրել՝ մեր պետությունների միջև առկա ռազմավարական երկխոսության մակարդակին համահունչ: Անշուշտ այդ գործընթացում իր անգնահատելի ներդրումն ունի նաև ամերիկահայությունը, որը կապող կամուրջ է հանդիսանում մեր երկրների միջև։ Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Ինչպես տեղյակ եք, ավելի քան մեկ ամիս է ինչ Ադրբեջանն ու Թուրքիան, արհամարհելով համանախագահողների՝ հրադադար հաստատելու բոլոր ջանքերը, շարունակում են համատեղ հարձակումը Հայաստանի և Արցախի դեմ` ներգրավելով օտարերկրյա ահաբեկիչների: Այդ կապակցությամբ ողջունում եմ խնդրի հանգուցալուծումը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու Ձեր տեսլականը, որն արտահայտել եք որպես նախագահի թեկնածու: Լիահույս եմ, որ Ձեր վարչակազմը գործուն քայլեր կձեռնարկի պատերազմի դադարեցման և խնդրի համապարփակ կարգավորման ուղղությամբ, որի հիմքում պետք է ընկած լինեն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը նրա ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով․․․»:
 
Առանց որևէ հույս փայփայելու, թե Բայդենը ինչ կարող է անել հայերի համար, մի բան պարզ է․ Թրամփը պետք է հեռանար։ Նա մղձավանջ է եղել ամերիկացիների մեծամասնության և մնացած աշխարհի համար: Նա խախտել է մի շարք օրենքներ՝ խոստանալով իր խորհրդականներին ներում շնորհել, եթե նրանց մեղադրանք առաջադրվի: Նա չորս տարվա ընթացքում ստել է մոտ 25 հազար անգամ, որը մրցանիշ է որևէ մարդու համար, առավել ևս՝ նախագահի: Նա ասել է ամենաշատ անգրագետ և մանկամիտ բաները, որոնք խաթարում են նախագահության արժանապատվությունն ու Միացյալ Նահանգների հեղինակությունը աշխարհով մեկ: Պատճառը, որ նա այդպես համառորեն պայքարում է պաշտոնում մնալու համար, այն է, որ նա գիտի՝ իրեն մեղադրանք կառաջադրեն, երբ այլևս նախագահ չլինի ։
2016-ի ընտրություններում Թրամփը երեք միլիոն ձայն պակաս էր հավաքել, քան Հիլարի Քլինթոնը։ Ընտրիչների կոլեգիան փրկեց նրան պարտությունից։ 2020-ին Թրամփը ստացել է 4․5 միլիոնով ավելի քիչ ձայն, քան Բայդենը: Սակայն այս անգամ Թրամփը կորցրեց նաև ընտրիչների կոլեգիան։
 
Հունվարին, որպես նախագահ, Բայդենի առաջին գործը կլինի Թրամփի նախագահական տասնյակ հրամանագրերի չեղարկումը։ Ոմանք ապօրինի են ճանաչվել դատարանների կողմից, մյուսները կփոխվեն նոր նախագահի կողմից: Բայդենը կվերականգնի Փարիզի կլիմայի համաձայնագրերը, նորից կմիանա Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և կվերականգնի միջազգային պայմանագրերը, որոնք նախագահ Թրամփը վիժեցրել է և խախտել։
 
Հայկական հարցերի շուրջ, Բայդենը խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը մի քանի քարոզչական հայտարարություններում: Դեռ պետք է տեսնել, թե ինչ կլինի։ Մի բան ակնհայտ է, որ Բայդենը խիստ է արտահայտվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ, որը եղել է Թրամփի մտերիմ ընկերը: Մնում է միայն հետևել թուրքական մամուլին, որտեղ բազմաթիվ տագնապալի հոդվածներ կան Բայդենի նախագահության վերաբերյալ, որը վերջ կդնի Թրամփի և Էրդողանի սիրային կապին: Թրամփը խոստովանել է, որ շահերի բախում ունի Թուրքիայի հետ, քանի որ երկու շենք կա Ստամբուլում, որոնք կրում են իր անունը, և որոնց համար նա տարեկան միլիոնավոր դոլարների եկամուտ է ստանում:
 
Վերջին ամիսներին մի տեսանյութ է հայտնվել Բայդենի՝ «Նյու Յորք թայմս» թերթին տված հարցազրույցից, որում նա շատ խիստ բառեր է օգտագործել Էրդողանի դեմ ՝ զայրացնելով Թուրքիայի ղեկավարությանը: Ահա թե ինչ է ասել Բայդենը․
 
 «Ես շատ ժամանակ եմ անցկացրել նրա [Թուրքիայի նախագահ Էրդողանի] հետ: Նա բռնակալ է։ Նա Թուրքիայի նախագահն է և շատ ավելին: Այն, ինչ կարծում եմ, որ պետք է անենք, այժմ այլ մոտեցում որդեգրելն է նրա նկատմամբ՝ հասկացնելով, որ մենք աջակցում ենք ընդդիմության ղեկավարությանը: Հասկացնելով, որ  գտնվում ենք այնպիսի իրավիճակում, երբ մեր ունեցած ուղիով, որը մի որոշ ժամանակ աշխատել է՝ միավորելու քուրդ բնակչությանը, որը ցանկացել է մասնակցել գործընթացին իրենց խորհրդարանում և այլն: Որովհետև պետք է խոսենք այն մասին, որն իրականում համարում ենք սխալ։ Նա պետք է թանկ վճարի։ Նա պետք է թանկ վճարի, անկախ նրանից, թե արդյոք կշարունակենք նրան որոշակի զենքեր վաճառել, թե ոչ: Իրականում, եթե նա ունի [Ռուսաստանի] հակաօդային պաշտպանության համակարգը, որ նրանք թռչում են F-15-երով, նրանք կփորձեն պարզել, թե դա ինչպես անել»։
 
Բայդենը շարունակեց. «Այսպիսով, ես շատ մտահոգված եմ: Ես շատ մտահոգված եմ։ Բայց դեռ այն կարծիքին եմ, որ եթե մենք ուղղակիորեն ներգրավվեինք այնպես, ինչպես ես անում էի նրանց հետ, որ կարողանանք աջակցել Թուրքիայի ղեկավարության դեռևս գոյություն ունեցող տարրերին, և նրանցից ավելին ստանանք ու խրախուսենք, որպեսզի նրանք կարողանան ստանձնել և հաղթել Էրդողանին: Ո՛չ թե հեղաշրջմամբ, ո՛չ թե հեղաշրջմամբ, այլ ընտրական գործընթացով: Նա կործանվեց։ Նա կործանվեց Ստամբուլում [քաղաքապետի ընտրությունների ժամանակ]:  Նա կործանվեց իր կուսակցությունում։ Իսկ հիմա մենք ի՞նչ ենք անում։ Մենք պարզապես այնտեղ նստել ենք և զիջել։ Եվ վերջին բանը, որ ես կանեի՝ քրդերի հարցում, նրան զիջելն էր։ Բացարձակ վերջին բանը․․․»։
 
Բայդենը եզրափակեց. «Ես մի քանի հանդիպում եմ ունեցել նրա հետ քրդերի հարցով, այդ ժամանակ նրանց չէին ճնշել։ Մենք պետք է հստակեցնենք, թե նրանք ինչ են ուզում, քանի որ, վերջիվերջո, Թուրքիան չի ցանկանում հույսը դնել Ռուսաստանի վրա: Նրանք վաղուց են «կծել այդ խնձորից»։ Բայց նրանք պետք է հասկանան, որ մենք չենք պատրաստվում շարունակել խաղալ նրանց հետ նախկինի պես։ Այնպես որ, ես շատ մտահոգված եմ: Ես շատ մտահոգված եմ: Ես շատ մտահոգված եմ մեր օդանավակայանների համար [Թուրքիայում], նաև դրանց հասանելիության համար։ Եվ ես կարծում եմ, որ ահռելի աշխատանք է պետք տանել, որպեսզի կարողանանք համախմբվել մեր դաշնակիցների հետ տարածաշրջանում և պարզել, թե ինչպես կարող ենք մեկուսացնել նրա գործողությունները տարածաշրջանում, հատկապես Արևելյան Միջերկրական ծովում՝ նավթի և մի ամբողջ շարք այլ բաների հետ կապված, որոնք շատ ժամանակ են պահանջում այդ մասին խոսելու համար։ Սակայն իմ պատասխանն է՝ այո, ես անհանգստացած եմ»։
 
Բայդենը մի քանի նմանատիպ հայտարարություններ է արել Էրդողանի ու Թուրքիայի դեմ: Այժմ մենք պետք է ապահովենք, որ նա պահելու է իր խոսքերը:
 
Այժմ կարևոր է միավորել Միացյալ Նահանգների ժողովրդին: Բայդենը խոստացել է լինել բոլոր ամերիկացիների նախագահը, ներառյալ նրանց, որոնք իր օգտին չեն քվեարկել:
 
Այս բաժանարար ընտրություններից հետո ամերիկահայ համայնքը պետք է միավորվի և օգնի պաշտպանել Հայաստանն ու Արցախը՝ Ադրբեջանի, Թուրքիայի և նրանց վարձկան ահաբեկիչների դեմ․․․
 
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
 
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play