Վարչապետը հանդիպում է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ (տեսանյութ)



21-11-2020 11:30:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և նրա գլխավորած պատվիրակությանը:
 


Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից.
 
Ողջունելով ՌԴ պաշտպանության նախարարին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի Սերգեյ Կուժուգետովի, ողջունում եմ Ձեզ Հայաստանում: Սա շատ կարևոր այց է: Ցանկանում եմ նշել, որ պատերազմի ընթացքում մենք մշտապես զգացել ենք Ռուսաստանի Դաշնության, ՌԴ նախագահի, վարչապետի աջակցությունը, Ձեր անձնական աջակցությունը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ դրա համար:
 
Իհարկե, պատերազմից առաջ էլ դժվարին ժամանակաշրջան էր, բայց հիմա ավելի բարդ ժամանակներ են, և մենք հուսով ենք, որ այս ընթացքում կկարողանանք խորացնել մեր համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ, այդ թվում` անվտանգության ոլորտում, և ոչ միայն անվտանգության, այլև ռազմատեխնիկական համագործակցության:
 
Այժմ, իհարկե, մեր տարածաշրջանում այլ ռազմաքաղաքական իրավիճակ է: Այն փոխվել է,
և դեռ պետք է ուսումնասիրել այդ իրավիճակի բոլոր պարամետրերը: Եվ, իհարկե, վստահ եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական համագործակցության և եղբայրական բարեկամության ոգով առաջիկայում և ռազմավարական ապագայում մեր կապերը կշարունակեն խորանալ, մեր փոխգործակցությունը կլինի ավելի սերտ և ավելի ռազմավարական: Շնորհակալ եմ»:
 
Իր խոսքում Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, շնորհակալ եմ ընդունելության և հանդիպման համար: Մենք եկել ենք լիովին կոնկրետ, որոշակի խնդիրներով: Գիտեք, որ ստորագրված հայտարարությունից հետո ամենաարագ կերպով հրավիրեցինք ողջ խաղաղապահ զորակազմը, որի տեղակայումն ավարտել ենք երեկ չէ առաջին օրը: Այս օրերի ընթացքում տեղակայվել ենք գործնականում Ղարաբաղի ամբողջ տարածքում` 23 դիտակետով, վերահսկում ենք Ստեփանակերտ տանող ճանապարհը, Լաչինի միջանցքը և ապահովում ենք տեղաշարժը, այնտեղից հեռացած փախստականների վերադարձը:
 
Հետագայում սպասվում է մեծ աշխատանք` այս անգամ, հուսով եմ, Ղարաբաղում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ: Մեր կողմից, իհարկե, գլխավոր խնդիրը արյունահեղություն թույլ չտալն է` խնդիր, որը մեր առջև դրել է մեր գերագույն հրամանատարը, և մենք, անկասկած, մտադիր ենք իրականացնել այն: Բացի այդ, մտադիր ենք քննարկել մեր խաղաղապահների հետագա կյանքին և աշխատանքին վերաբերող հարցեր, թե ինչ է անհրաժեշտ դրա համար: Եվ, բնականաբար,
քննարկել բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են մեր համագործակցությանը` և՛ ռազմական, և՛ ռազմատեխնիկական ուղղությամբ: Մենք եկել ենք մեծ ծրագրով և հույս ունենք իրագործել այն: Շնորհակալ եմ»:
 
Հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակին, Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
 
Հիշեցնենք, սպասվում է նաեւ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, ինչպես նաեւ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի, Ալեքսեյ Օվերչուկի այցը Երեւան:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 215 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար