Պետք չէ մոռանալ, որ գերիների փոխանակման գործընթացը կախված է առաջին հերթին ադրբեջանական կողմից. ԱՀ ՄԻՊ


Պետք չէ մոռանալ, որ գերիների փոխանակման գործընթացը կախված է առաջին հերթին ադրբեջանական կողմից. ԱՀ ՄԻՊ

  • 24-11-2020 10:35:10   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում  պարզաբանել է Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողների վերադարձի հետ կապված մի քանի կետեր: Գրառումը ներկայացնում ենք ստորեւ.
 
Քանի որ գերիների մասով հարցումները շատ են, կուզեի մի քանի կետ պարզաբանել.
 
1. Միանշանակ, նրանց վերադարձը պետք է լինի պետական մարմինների առաջնահերթություններից մեկը, սակայն պետք է տարանջատել լիազոր մարմինները աջակից մարմիններից, ինչպես նաև՝ սուբյեկտիվ խնդիրները՝ օբյեկտիվ դժվարություններից: Լիազոր մարմինն այդ հարցում Կառավարությունն է՝ ի դեմ համապատասխան հանձնաժողովի:
 
2. Որպես աջակից մարմին՝ ԱՀ մարդու իրավունքների պաշտպանն առավելագույնս աջակցում է պետական ու միջազգային կառույցներին իրենց գործառույթների իրականացման հարցում: Մասնավորապես՝ բոլոր հնարավոր աղբյուրներից շարունակաբար հավաքում ենք տեղեկություններ ու փոխանցում նրանց, համապատասխան տեղեկություններ ենք տալիս գերիների հարազատներին ու նրանց փաստաբաններին, դիմումներ ու զեկույցներ ենք ուղարկում տարբեր միջազգային կառույցների ու որոշում կայացնողների և այլն: Օրինակ՝ անհետ կորած քաղաքացիական անձանց վերաբերյալ կատարել ենք մեծածավալ փաստահավաք գործունեություն և բացառիկ տվյալների շտեմարանը փոխանցել բոլոր լիազոր մարմիններին: Նաև մեր ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել փրկել մի խումբ գերիների կյանքը և հստակեցնել նրանց մասին տեղեկությունները. արդեն զգալի հաջողություններ կան, սակայն արդյունքների առումով ավելի մանրամասն չեմ կարող ներկայացնել՝ հաշվի առնելով թեմայի նրբություններն ու գաղտնիության կարևորությունը գերիների համար:
 
Հենց այսօր բավականին երկար քննարկում եմ ունեցել Կարմիր խաչի պատասխանատու ներկայացուցչի հետ, ներկայացրել լրացուցիչ տվյալներ նրան: Առանձին քննարկումներ եմ ունեցել նաև միջազգային իրավապաշտպանների հետ:
 
3. Հարկ է հաշվի առնել, որ այս թեմայում առկա են բազմաթիվ նուրբ ու զգայուն հարցեր, և ավելորդ հրապարակայնացումը երբեմն վնասում է գործընթացին ու գերիների ճակատագրին: Այնուամենայնիվ, շատ կարևոր է, որ ընտանիքներն ու հանրությունը հնարավոր չափով իրազեկված լինեն գործընթացից ու արդյունքներից: Բացի դրանից, պետք չէ մոռանալ, որ գործընթացը կախված է առաջին հերթին ադրբեջանական կողմից, քանի որ իրենց վերահսկողության տակ են գերիները:
 
4. Ակտիվ համագործակցում ենք նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ, և այսօր էլ իմ գործընկեր Արման Թաթոյանը հանդես է եկել մանրամասն պարզաբանումներով ու շեշտադրումներով, հղումը տեղադրում եմ մեկնաբանությամբ, որպեսզի մոտավոր նույն բաներն էլ ես չկրկնեմ:
Նոյյան տապան  -   Հասարակություն