Կա փոխվստահություն, և կարող ենք աշխատել հանուն ապագայի․ Արմեն Սարգսյանն այց է կատարել Հաշիմյան Թագավորություն


Կա փոխվստահություն, և կարող ենք աշխատել հանուն ապագայի․ Արմեն Սարգսյանն այց է կատարել Հաշիմյան Թագավորություն

  • 24-11-2020 10:45:46   | Հորդանան  |  Քաղաքական

Այս գիշեր մեկնարկել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կարճատև աշխատանքային այցը Հորդանանի Հաշիմյան Թագավորություն:
 
Հայաստանի նախագահը շարունակում է արաբական աշխարհի տարբեր երկրների ղեկավարների հետ հանդիպումները՝ վերահաստատելու այդ երկրների հետ մեր բարեկամությունն ու համագործակցության պատրաստակամությունը, ընդլայնելու և ամրապնդելու կապերը։
 
Հորդանանի թագավորական ընդունելությունների պալատում այսօր տեղի է ունեցել Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության պետական օրհներգերը:
 
Դիմավորման արարողությունից հետո կայացել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Հորդանանի թագավոր, Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդ իբն Ալ Հուսեյնի առանձնազրուցը, որին հետևել է ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են Հորդանանի վարչապետ Բիշեր Խասավնեհը, արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադին, արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարար Մահա Ալին և այլ պաշտոնյաներ։
 
Աբդալլահ Երկրորդ իբն Ալ-Հուսեյնը մեծ հեղինակություն է վայելում իսլամական աշխարհում, նա Հաշիմյան թագավորական դինաստիայի ներկայացուցիչ է, Մուհամմադ մարգարեի 41-րդ սերնդից, գահ է բարձրացել 1999թ. փետրվարի 7-ին: Աբդալլահ Երկրորդը Երուսաղեմի քրիստոնեական և իսլամական սրբավայրերի խնամակալն է:
 
Ողջունելով Հայաստանի նախագահի այցը՝ Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդն ասել է, որ երկու երկրներին միավորում են ամուր բարեկամությունն ու պատմական կապերը: Թագավոր Աբդալլահ Երկրորդը ջերմությամբ է հիշել այս տարվա փետրվարին Հայաստան իր պաշտոնական այցը և երախտագիտություն հայտնել Հայաստանի նախագահին ու ժողովրդին:
 
Նշվել է, որ Հայաստանն այսօր առերեսվում է բազմաթիվ մարտահրավերների, և, որպես լավ ընկեր ու բարեկամ, ակնկալում են սերտորեն աշխատել ու աջակցություն ցուցաբերել:
Նոյյան տապան  -   Քաղաքական