Գրիգոր Բարսեղյան. Ամենից անհետաձգելի, անհրաժեշտ քայլերն այս պահին


Գրիգոր Բարսեղյան. Ամենից անհետաձգելի, անհրաժեշտ քայլերն այս պահին

  • 24-11-2020 12:46:23   | Հայաստան  |  Վերլուծություն

Ամենից անհետաձգելի, անհրաժեշտ քայլերն այս պահին
 
Քայլ 1. Ինչպես այս պահին կառուցել ճիշտ իշխանություն 
 
Ակնհայտ է, որ Հայաստանի բոլոր իշխանությունները պատասխանատու են պատերազմում պարտության համար։ Նիկոլ Փաշինյանին այսօր մեղադրում են «հայտարարություն» ստորագրելու մեջ։ Մինչդեռ ժողովուրդը, ցավոք, չի հասկանում, որ Փաշինյանը քանդեց Հայաստանը սրանից շատ առաջ։ Քանդեց նրանով, որ պաշտոնի նշանակեց ինքնագովազդով զբաղվող դիլետանտների։ Ժողովրդի մեջ դեռևս չկա ընկալում, որ հենց դա է եղել ամենասարսափելի հարվածը երկրին։ «Հայտարարությունը» իշխանությունների ոչ պրոֆեսիոնալիզմի հետևանք էր։
 
Երկիրն այժմ հայտնվել է սարսափելի վիճակի մեջ՝ վտանգ կա, որ ինքնագովազդով զբաղվող նախորդ դիլետանտներին կփոխարինեն նույնատիպ նորերը։ Բանն այն է, որ բոլոր կուսակցությունները, որոնք հիմա «հրապարակում» են (նույնիսկ բոլորը միասին), չունեն շտապ բարեփոխումների համար անհրաժեշտ մասնագետների գոնե 10-րդ մասը, որոնք անհրաժեշտ են ինչպես օդը։ Ավելին, նրանք չունեն պատկերացում, թե ինչ է պրոֆեսիոնալիզմը և ինչպես պետք է գտնել (ընտրել) մասնագետներ։ Նույնը վերաբերվում է նախագահ Արմեն Սարգսյանին։ Հիմա մի կողմից այդ կուսակցությունները, մյուս կողմից Արմեն Սարգսյանը պատրաստվում են նոր իշխանություն ձևավորել։ Ինչպե՞ս։ Ինչ-որ մեկը կարող է երաշխավորել, որ նոր իշխանություններն ավելի լավը կլինեն, քան ներկայիս իշխանությունները։ (Հիշենք, որ Դաշնակցությունը 5 անգամ կրթության նախարար նշանակեց բացարձակ թյուրիմացություն՝ Լևոն Մկրտչյանին։ Հիմա գոնե ամաչեք խոսել իշխանության մասին։ 
 
Ինչ վերաբերում է նոր իշխանության հրատապ ձևավորմանը, ապա մենք այս պահին ունենք չորս խնդիր։
 
(Ա) ձևավորել իշխանությունը պրոֆեսիոնալներից՝ մասնատում թույլ չտալով կառավարման մեջ և (Բ) խուսափել արյունահեղությունից։ Դրա համար (Գ) անհրաժեշտ է մասնագետների ընտրության գործուն համակարգ, և (Դ) անհրաժեշտ է նոր իշխանության կառուցման համակարգ։
Մեր առաջին առաջարկությունը հետևյալն է։
 
1.
Ստեղծվում են կոմիտեներ (փրկության)՝ գիտության, տեխնոլոգիաների և գիտական հետախուզության կոմիտե, արդյունաբերության, գյուղատնտեսության կոմիտե, ռազմական կոմիտե, դիվանագիտական կոմիտե։ (Հանձնաժողովները ստեղծվում են բացառապես մասնագետներից, ովքեր ունեն հաստատված տվյալներ իրենց պրոֆեսիոնալիզմի մասին։ Ավելին, կոմիտեները ստեղծվում են բացառապես մասնագետներից, որոնք մինչ օրս ներկայացրել են տվյալ ոլորտի իրենց տեսլականները, հայեցակարգերն ու նախագծերը, նրանց հեշտ է բացահայտել)։
2.
Նշանակվում են նոր կառավարիչներ (նախարարներ և այլն) համեմատաբար երիտասարդ և եռանդուն, բարձր մակարդակի մասնագետներից՝ համապատասխան կոմիտեների հավանությանն արժանանալու դեպքում, ովքեր կաշխատեն կոմիտեների հետ և կոմիտեների վերահսկողության ներքո։
(Բացատրություն։ Եթե, ասենք, նախարարն անհաջող է դուրս գալիս, ապա համապատասխան կոմիտեն անմիջապես այդ մասին տեղեկացնում Է խորհրդարանին և / կամ կառավարությանը։)
3.
Կոմիտեները ազդեցություն կունենան ոչ միայն նախարարների մակարդակում, այլև՝ վարչապետի ու նախագահի։ Վերջիններիս սխալ գործողությունների դեպքում կոմիտեները կդիմեն անմիջապես խորհրդարանին կամ ժողովրդին։
 
Այսպիսով, կլինեն տեսլականներ, հայեցակարգեր ու նախագծեր (հանձնաժողովների առկայության շնորհիվ), բացառվում է իշխանության քմահաճությունը (կոմիտեների վերահսկողության շնորհիվ), և մենք կստանանք գրագետ, պրոֆեսիոնալ, պրոֆեսիոնալների կողմից վերահսկվող և պատասխանատու իշխանություն։ Այն, ինչ անհրաժեշտ էր, բայց երբեք չի եղել Հայաստանում։
 
Այժմ գլխավոր հարցը՝ «ով և ինչպես պետք է ձևավորի նման իշխանություն»։ Ակնհայտ է, որ դա պետք է անել ռեկորդային կարճ ժամանակահատվածում։ Այս փուլում նոր կառավարությունը ռեկորդային կարճ ժամկետում կարող է ձևավորել Նախագահ Սարգսյանը։ Լավ կլինի, որ այդ գործընթացին միանա Փաշինյանը։ (Փաշինյանին կդատենք հետագայում)։
 
Պարզաբանում եմ, թե ինչու նրանք պետք է լինեն։ Որովհետև նրանք կարող են դա անել արագ ու լեգիտիմ, առանց արյունահեղության։
Մեկնաբանություն 1. Կոմիտեների անդամների հավաքագրումը պետք է լինի հրապարակային, որպեսզի ժողովուրդը կարողանա դրանք համադրել, համեմատել, համապատասխանաբար հավանություն տալ կամ բողոքարկել: (Այլապես, ինչպես դա սովորաբար տեղի է ունենում մեզ մոտ, կոմիտեներ կանցկացնեն «իրենց» դիլետանտ-կոկորդ պատռողներին և կխոտանեն իրական պրոֆեսիոնալներին)։
 
Մեկնաբանություն 2. Պետք է հասկանալ, որ վերջին երեսուն տարիների ընթացքում պրոֆեսիոնալիզմը անտեսվել է և իշխանությունների, և ընդդիմության կողմից: Այնպես որ և իշխանությունը, և ընդդիմությունն ի վիճակի չեն այս պահին որևէ գործնական բան առաջարկել։ Վերը նշված 1 առաջարկությունը տալիս է պարզ և ներկա պահին մասնագիտական իշխանության ստեղծման միակ սխեման:
 
Ըստ կարևորության երկրորդ քայլը։
 
Հայաստանի և Արցախի վերականգնման համար մեծ գումարներ են պահանջվելու։ Դրանք կարելի է վերցնել երկիրը կողոպտած օլիգարխներից, ովքեր հարստացել են իշխանության մեջ լինելով՝ պարզ գիտակցելով, որ դա հանցագործություն է։
 
Նրանք իրենք գիտեն, որ դատվելու ենթակա հանցագործներ են։ Բայց դա այլ, իրավիճակային լուծում է թելադրում։
 
Մեր երկրորդ առաջարկը հետևյալն է։
 
Մենք առաջարկում ենք օլիգարխների փողերն ու ձեռնարկությունները բռնագրավել և հանձնել պետությանը։ Օլիգարխներին պետք է որոշակի ողջամիտ սեփականություն թողնել (ինչպես, օրինակ, բնակարանները ողջամիտ չափերով) և, ամենակարևորը, նրանց պետք է հանձնել իրենց իսկ նախկին սեփականության կառավարումը։ Իհարկե, օլիգարխները հանցագործներ են, և եթե նրանց արդար դատեին, նրանք բոլորը իրենց երեխաների հետ ցմահ ազատազրկված կլինեին։ Բայց շատ ավելի խելամիտ ու մարդասիրական է նրանց հնարավորություն տալ վաստակել որպես կառավարիչներ, որպեսզի նրանց արտադրությունը կանգ չառնի։ Դա հիմա անհրաժեշտ է պետության համար։
 
Ըստ կարևորության երրորդ քայլը։ Առաջին երկու քայլերից հետո, անհրաժեշտ է սկսել Նիկոլ Փաշինյանի դատավարությունը։ Երկրում արդարություն չի կարող լինել, եթե զանգվածային հանցագործությունները չեն պատժվում։
 
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ստորագրած «հայտարարությանը»։ Այստեղ նրա հետ լիակատար պատասխանատվություն են կրում նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Ակնհայտ է, որ այս պարոնայք նախապատրաստել են Արցախի հանձնումը և մեղավոր են ոչ պակաս, քան Փաշինյանը։
Երրորդ առաջարկը (ՀՀ նախկին փոխվարչապետ Վահան Շիրխանյանի մամուլում հնչեցրած գաղափարը)։
 
Դատական քննությունը, թե ինչու են Հայաստանի իշխանությունները «հայտարարություն» ստորագրել, միաժամանակ պետք է վերաբերի բոլորին։
Ավելին, ամեն մեկին հարկավոր է դատել առանձին կատարած անձնական հանցանքների համար՝ Լևոն Տեր-Պետրոսյանին երկիրը ծրագրավորված քանդելու և ծրագրավորված թալանի, Ռոբերտ Քոչարյանին երկիրը (գույք պարտքի փոխարեն) վաճառելու և ծրագրավորված թալանելու համար, Սերժ Սարգսյանին ժողովրդի ծրագրավորված թալանի համար (Սերժի շրջանում երկիրն արդեն թալանված էր)։
 
Դեռ լրիվ պարզ չէ, թե Փաշինյանի օրոք ինչպես է ընթանում թալանը։ Դոլարային բազմամիլիոնանոց մուտքեր կային տարբեր օլիգարխներից ու աղմկահարույց գործերի անցանկալի դերակատարներից։ Որտե՞ղ են դրանք:
 
Մինչդեռ պարզ է, թե որն է Փաշինյանի անմիջական մեղքը Հայաստանի աղետալի վիճակում գտնվելու համար՝ հենց նա է խորհրդարանում և նախարարություններում տեղավորել անգրագետ ինքնագովազդով զբաղվող-կոկորդ պատռողներին և թույլ տվել նրանց չլսել մասնագետների առաջարկները։ Այդպիսով Փաշինյանը սարսափելի հարված հասցրեց Հայաստանին։ Ասվածի որոշ նկատառումները բերվում են ստորև։ Հայաստանին ուղղված մեկ այլ սարսափելի հարված էր պատերազմի ժամանակ Փաշինյանի հրեշավոր սուտը (պետական բարձր մակարդակով սուտը)։ Այստեղ ոչ մի հետաքննության կարիք էլ չկա։
 
Դատավարական բարեփոխումներ։
 
Անօրինականությունների 99 տոկոսը կատարվում է սովորական դատարաններում։ Այնպես որ ժողովրդին պետք է հետաքրքիր լինի իրավիճակը սովորական դատարանում։
 
Սովորական դատարանում իրավիճակը կարելի է շտկել շատ պարզ ձևով։
 
Անհրաժեշտ է պահպանել մեկ պարզ սկզբունք՝ դատարանում որոշումներ կայացնողները պետք է շահագրգռված լինեն արդար դատավարության մեջ։
Մեր չորրորդ առաջարկությունն է, որ անհրաժեշտ է երդվյալ ատենակալների դատարան ունենալ։
 
Նշենք, որ երդվյալ ատենակալների դատարանում մշտապես պահպանվում է վերը նշված սկզբունքը։ Բացատրեմ։
 
Բանն այն է, որ մեզ մոտ տասնամյակներ շարունակ դատական համակարգ են գնացել մարդիկ, ովքեր ի սկզբանե ծրագրել են իրենց հարստացումն այդ համակարգում։ Այնպես որ, անհավանական է ակնկալել, որ մեկ դատավորի փոխարինումը մյուսով կարող է ինչ-որ լավ բանի հանգեցնել։ Մինչդեռ երդվյալների դատարանում (որտեղ, ինչպես հայտնի է, ամբաստանյալը չի կարող «կապվել» երդվյալ ատենակալի հետ) բացառվում է ամբաստանյալի որևէ ազդեցություն ատենակալի վրա (դա դաժանորեն պատժվում է բոլոր պետություններում): Այսպիսով, եթե անգամ դատավորը կաշառք է վերցրել, երդվյալ ատենակալները (օրինակ տասը) ոչ մի կերպ շահագրգռված չեն անազնիվ դատավարության մեջ։ Այսինքն, արդյունքում կստացվի 10 երդվյալ ատենակալներ, որոնք շահագրգռված են ճիշտ դատավարությամբ մեկի (դատավորի) դեմ, որը շահագրգռված է սխալ դատավարությամբ։
 
Չխաթարելու համար ողջ դատական համակարգը, ես կառաջարկեի ունենալ երկու դատարան՝ սովորական դատարան (ինչը թույլ կտա չընդհատել դատական գործունեությունը երկրում), և զուգահեռ պետք է մտցնել երդվյալ ատենակալների դատարանը։
 
Ընդ որում, (շատ կարևո՛ր է) ամբաստանյալը պետք է իրավունք ունենա բողոքարկելու դատավճիռը ատենակալների դատարանում:
Դա անմիջապես կզգաստացնի ամբողջ դատական համակարգը, քանի որ դատավորը, իմանալով, որ իր անարդար որոշումները հետո քննվելու են երդվյալ ատենակալների դատարանում, կասկածելի որոշումներ չի կայացնի։
 
Դա նաև անմիջապես կանդրադառնա ամբողջ դատավարական գործընթացի վրա, մասնավորապես՝ քննչական աշխատանքի վրա, քանի որ ատենակալների դատարանում հեշտ կլինի հայտնաբերել «պայմանագրային» գործերը դատարանի և քննչական մարմինների միջև (ինչը վտանգավոր է հենց դատավորի համար)։ Դա էլ իր հերթին կզգաստացնի քննչական մարմիններին, քանի որ ատենակալների դատարանում հայտնաբերվելու են նրանց աշխատանքի թերությունները։
Նկատենք, որ դրա համար ոչ մի ֆինանսական ներդրում չի պահանջվում՝ նույն դատարանը (կամ դատավորը) կարող են գործեր վարել ինչպես սովորական ձևաչափով, այնպես էլ երդվյալների դատարանի ձևաչափով։
 
Արդյունքում մենք կստանանք դատավարության շատ ավելի ազնիվ համակարգ։
 
Շարունակությունը հաջորդիվ։
Կլինեն հետևյալ բաժինները՝
Գիտության և կրթության բարեփոխում:
Լեռնահանքային արդյունաբերության բարեփոխում։
Ռազմական գործի բարեփոխում։
Դիվանագիտության մասին։ Ինչ է անհրաժեշտ անել հիմա։
 
Գրիգոր Բարսեղյան
(Հայ մասնագետների խորհրդի նախագահ, գիտությունների դոկտոր,
Մարի Կյուրիի անվան միջազգային գիտական մրցանակի դափնեկիր)Ամենից անհետաձգելի, անհրաժեշտ քայլերն այս պահին
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play