Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ Ազգային ժողովում էր. նա մասնակցել է «Իմ քայլը» խմբակցության նիստին. ՀԺ


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ Ազգային ժողովում էր. նա մասնակցել է «Իմ քայլը» խմբակցության նիստին. ՀԺ

  • 24-11-2020 17:45:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Իմ քայլը» խմբակցությունը այսօր փակ նիստ էր հրավիրել, որին շատ կարճ ժամանակով մասնակցել է նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: 
 
Հանդիպումից հետո խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը լրագրողներին հայտնեց, որ քննարկվել են պատերազմից հետո Արցախում ստեղծված խնդիրները: «Լեռնային Ղարաբաղում շատ խնդիրներ կան: Լեռնային Ղարաբաղն այսօր շատ խնդիրներ ունի՝ թե՛ փախստականների, թե՛ գյուղերի, թե՛ ռազմական, թե՛ խաղաղարար ուժերի հետ կապված: Այդ հարցերն էինք քննարկում Լեռնային Ղարաբաղի նախագահի հետ միասին»,- ասաց Իգիթյանը: 
 
Հարցին՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարց քննարկվե՞լ է՝ Իգիթյանը պատասխանեց. «Անհեթեթ է հարցը»: Նշենք, որ մամուլի միջոցով այսօր որոշ շրջանակներ լուրեր էին տարածել, թե Արայիկ Հարությունյանը մեկնել է Մոսկվա՝ իր հետագա պաշտոնավարման հարցը քննարկելու համար:
 
Անդրադառնալով գերիների եւ անհետ կորածների խնդրով ձեռնարկվող քայլերին՝ Իգիթյանն ասաց, որ դիվանագիտական բոլոր ճանապարհներով, այդ թվում խորհրդարանական դիվանագիտության ճանապարհներով այդ հարցը պետք է բարձրացվի:
 
Պատգամավորը հայտնեց նաեւ, որ խմբակցության նիստում ինքը կոնկրետ բարձրացրել է հետեւյալ հարցը՝ որ անհետ կորածների եւ գերիների ծնողները ոչ թե պետք է իրենք գնան տարբեր ատյաններ իրենց երեխայի մասին տեղեկություն իմանալու, այլ տանը կամ որեւէ այլ տեղ նստած օրը 2 կամ 3 անգամ իրենց պետք է ասեն՝ նորություն չկա կամ նորություն կա: Ըստ Իգիթյանի, սա պետք է լինի պետության վերաբերմունքը:
 
«Օգտագործելով Եվրոպայում, միջազգային կառույցներում, Ռուսաստանում իմ կապերը մի քանի հարցեր փորձում ենք բարձրացնել, որովհետեւ անորոշությոնները շատ են եւ լուծումները պետք է լինեն ժամ շուտ: Ինձ համար դա ավելի կարեւոր հարց է, քան քաղաքական ցանկացած հարց՝ ով է լինելու նախարար, ով չի լինելու նախարար. դա կարեւոր է, չեմ ասում կարեւոր չէ, բայց կան հրատապ հարցեր, որոնք ցավոք Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաների շրջանակներից, հնարավորություններից դուրս են»,- ասաց պատգամավորը:
 
Ըստ նրա՝ ի վերջո տեղի է ունեցել անարդար մի բան եւ իրենք ու միջազային գործընկերները պետք է այդ հարցը բարձրացնեն՝ Թուրքիայի մասնակցությունը, ջիհադիստների մասնակցությունը եւ այլն:  
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play