Հայրենի հողի «օրթաղ» զավթումը պատերազմի հայտարարություն է. Խաղաղ ու դաժան վրեժի ընտրությունը

24-11-2020 18:48:08   | Հայաստան  |  Վերլուծություն
«Սահմանը ադրբեջանցին է գծում Ռուսաստանի ներկայացուցչի հետ` GPS-ը վերցրած։ Մեր կողմից ներկայացուցիչ չկա։ Մի հատ գնդի հրամանատար է, էն էլ խեղճը ինչ անի։ 10 հոգով գլխին կանգնած են։ Իրենց գծած սահմանն է։ Սա է ու վերջ։ Դավայ` դու` հետ, ինքն` առաջ», Սպուտնիկ Արմենիային ասել է Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի բնակիչ Կամո Աղաջանյանը։ Սահմանագծման մասին տեղեկությունը գյուղի բնակիչներն իմացել են այն ժամանակ, երբ գյուղ են եկել սահման գծողները:
 


«Ներկա պահին ես ձեզ հետ խոսում եմ, 200 մետր այն կողմ թուրքը ինձ է նայում։ Մի մետր էլ որ առաջ են գալիս, օգուտ են համարում։ Իսկ մերոնք ականջները կախ` նախագահով, վարչապետով` Հայաստանից մինչև Ղարաբաղ, մինչև վերջին գյուղապետը կաշիներն են փրկում», ասել է գյուղի բնակիչը:
 
Ռուս եւ ադրբեջանցի սահմանազատողների նման անակնկալ այցերը տեղի են ունենում բազմաթիվ բնակավայրերում, մարդկանց վերջին պահին են հայտնում ու կարճ ժամանակ տալիս տեղահանվելու համար:
 
Արցախի ՊԲ-ն արձագանքել է այս տեղեկություններին, հայտնելով, որ Արցախում շարունակվում են սահմանների ճշգրտման ու նոր սահմանազատման կետերում ՊԲ ստորաբաժանումների վերատեղակայման գործընթացները. «Հասկանալի պատճառներով, նշված գործընթացը կարող է տեղիք տալ տարակարծությունների, թյուրըմբռնումների և անհարկի շահարկումների: Գիտակցելով և ըմբռնումով մոտենալով հանդերձ մեր համաքաղաքացիների դժգոհություններին և առկա իրավիճակի տարբեր դրսևորումների նկատմամբ ոչ այնքան դրական արձագանքներին՝ ՊԲ հրամանատարությունը հորդորում
է լինել համբերատար և վստահեցնում, որ մեր համերկրացիների անվտանգությունը ապահովված կլինի միշտ և բոլոր դեպքերում»:
 
Մինչ «մերոնք ականջները կախ` նախագահով, վարչապետով` Հայաստանից մինչև Ղարաբաղ, մինչև վերջին գյուղապետը կաշիներն են փրկում», սահմանազատման գործընթացը խնդիրներ է ստեղծում ոչ միայն շփման գծին մոտ, այլեւ ավելի խորքում գտնվող բնակավայրերում: Շատ բնակավայրեր, օրինակ Կարմիր Շուկա, Թաղավարդ, մինչ օրս տեղահանված բնակիչները չեն վերադարձել, քանի որ շփման գիծը, որտեղ կանգնեցվել են ռազմական գործողությունները, անցնում է միանգամից այս բնակավայրերի կողքով եւ միջով:
 
Բացի այդ, շփման գիծը տարբեր բնակավայրերի կողքով կամ միջով փաստացի ձգվում է հարավից հյուսիս, որը խնդիր է առաջացնում տեղահանվածների վերադարձի հարցում: Այսինքն, նույնիսկ հայկական կողմում մնացած բնակավայրերում է դա խնդիր, իսկ ինչ է լինելու շփման գծից այն կողմ մնացած նախկին ԼՂԻՄ բնակավայրերի հետ: Եթե այդտեղ բնակիչներ չեն վերադառնում, այդ պարագայում եռակողմ հայտարարությունը դառնում է միակողմանի, եւ ռուսներն ու ադրբեջանցիները կարող են կամայական որոշումներ կայացնել հայկական կողմի անգործության պայմաններում:
 
Շատերն են ուշադրություն դարձրել այս հանգամանքին, թե ինչպես է անցնում շփման գիծը: Ըստ էության, ռուսական զորակազմի խնդիրը հայերի իրավունքների ու տարածքների պաշտպանությունը չէ, ինչի վրա երեւի հույս են դրել «իրենց
կաշիները փրկող Հայաստանի ու Ղարաբաղի ղեկավարները»: Ռուսաստանը լուծում է իր խնդիրը, որի համար պետք է նվազագույն քանակի հայ բնակչություն: Ընդ որում, եթե Հայաստանում հույս ունեն, որ այդ բնակչությանը պատանդ թողնելով կազատեն իրենց գլուխները, չարաչար սխալվում են: Նույնը վերաբերում է Բաքվին, այստեղ կարծես դեռ լիովին չեն գիտակցել, թե ինչ է իրենց արժենալու Ղարաբաղի հողերը զավթելը: Երեւում է լավ չեն գիտակցել նաեւ Մոսկվայում, օղակի մեջ առնելով Ղարաբաղից մնացած տարածքը:
 
Պատերազմի սպառնալիքը ոչ միայն չի վերացել, այլեւ ավելի առարկայական է դառնում մի շարք հանգամանքների բերումով, իսկ հայրենի հողի վրա աչք դնողներից վրեժը դաժան է լինելու: Ընդ որում, նույնիսկ զինադադարի պայմաններում ղարաբաղցիները պահպանում են խաղաղ ու առավել դաժան վրեժի մի հնարավորություն:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 385 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար