Քարվաճառն այսօրվանից անցնում է ադրբեջանական վերահսկողությանը. Արցախի ցուցանակն ապամոնտաժվել է. ՀԺ


Քարվաճառն այսօրվանից անցնում է ադրբեջանական վերահսկողությանը. Արցախի ցուցանակն ապամոնտաժվել է. ՀԺ

  • 25-11-2020 11:15:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանը Արցախին կապող Սոթք–Քարվաճառ մայրուղին այսօրվանից արդեն չի գործի, Քարվաճառն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, ամբող Քարվաճառի շրջանում արդեն ադրբեջանական զորքն է, որն այնտեղ է մտել երեկ, երբ ավտոբուսներով տեղափոխվեցին հայ զինծառայողները:
 
Երեկ փակվել է Գեղարքունիքի մարզով դեպի Արցախ տանող ճանապարհը, տեղադրվել են դարպասներ, ապամոնտաժվել է «Բարի գալուստ Արցախ» ցուցանակը:
 
Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանին Քարվաճառի շրջանը պետք է հանձնվեր նոյեմբերի 15-ին, սակայն ժամկետը երկարաձգվել էր եւս 10 օրով՝ մինչեւ նոյեմբերի 25-ը:
 
Մինչեւ վերջին օրը բնակիչները տարածքում գտնվող իրենց տներից տեղափոխում էին իրերը, նրանց մի մասը հեռանում՝ հրդեհելով բնակարանները:
 
Քարվաճառի և Դադիվանքի շրջակայքում են տեղակայված ռուս խաղաղապահները, համաձայն ռուսական կողմի փոխանցած  տեղեկատվության,  Դադիվանքը գտնվելու է ռուս խաղաղապահների անմիջական վերահսկողության տակ:
 
Քարվաճառում զինադադարի օրերին մեծածավալ անտառահատումներ էին տեղի ունենում, փայտը տեղափոխվում էր օրական մի քանի անգամ՝ բեռնատարներով ու անգամ թեթեւ մարդատար մեքենաներով, ապամոնտաժվում էին պետական ու մասնավոր նշանակության կառույցներ:
 
Մի շարք լրատվամիջոցների եւ համացանցում տեղադրված տեղեկատվության համաձայն, Քարվաճառից դուրս եկած զորքի մոտոհրաձիգային վաշտի տղաները հեռանալուց առաջ պայթեցրել են իրենց զորամասը:
 
Ստեփանակերտ–Դրմբոն–Դադիվանք–Սոթք–Վարդենիս մայրուղին, որն այսուհետ հայերի համար փակ է լինելու, պաշտոնապես բացվել էր ընդամենը 2 տարի առաջ՝ 2018-ի սեպտեմբերին։ Այն հիմնովին վերանորոգվել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով՝ համայն հայության հանգանակությունների շնորհիվ:
 
Այժմ Հայաստանն ու Արցախը կապվելու են միայն Լաչինի միջանցքով` Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս ճանապարհով, որը սկսել է գործել նոյեմբերի 17-ից եւ դարձյալ գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո:
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը