Հակառակորդի հրետակոծության տակ վիրահատություններ են կատարել և բազմաթիվ կյանքեր փրկել մայորն ու 2 լեյտենանտը. ՊԲ
25-11-2020 13:25:40 | Արցախ (ԼՂՀ) | Հասարակություն
Արցախի ՊԲ-ը շարունակում է ներկայացնել վերջին արցախյան պատերազմի ընթացքում գրանցված հերոսական դրվագներ: Այսպես՝
Շարքային Ներսես Արայիկի Առաքելյանը աչքի է ընկել մարտկոցի կազմում հակառակորդի կրակակետերի և կրակային դիրքերի խոցման ժամանակ:
Կապիտան Մեխակ Սուրենի Եղիկյանը կազմակերպել է հակառակորդի կրակային խոցումը՝ մարտկոցի կազմով ակտիվ մասնակցություն ունենալով մարտական գործողություններին:
Ավագ լեյտենանտ Վահան Սանասարի Ավագյանը հմտորեն կառավարել է հրետանու կրակը, տվել ճշգրիտ տվյալներ, նպաստել թշնամու ջախջախմանը:
Թշնամական կրակակետերի և մարտկոցների խոցման, կրակի ղեկավարման, առանձին կրակակետերի ոչնչացման և այլ արդյունավետ գործողություններով առանձնացել են հրետանավորներ կապիտան Տիգրան Ռուդիկի Հայրապետյանը, ավագ լեյտենանտ Շանթ Հովհաննեսի Մանուկյանը, լեյտենանտ Նվեր Հովհաննեսի Կիրակոսյանը, սերժանտ Լյովա Հովհաննեսի Մելքոնյանը, շարքային Արթուր Արգամի Անտոնյանը:
Հյուսիսային ուղղությամբ ընթացող մարտական գործողությունների ժամանակ ավագ լեյտենանտ Կամո Վլադիմիրի Զաքարյանը ոչնչացրել է թշնամու 2 տանկ:
Նույն հատվածում ավագ լեյտենանտ Գևորգ Հրայրի Խաչատրյանը, դրսևորելով բացառիկ արիություն, իրականացրել է տեղանքի ականապատումներ և միաժամանակ ականազերծել մեր զորքերի տեղաշարժի համար անհրաժեշտ հատվածները՝ նպաստելով յուրային ուժերի գործողություններին և արգելափակելով հակառակորդի առաջխաղացումը:
Հակառակորդի կրակի տակ վիրավորների և զոհերի տարհանման ժամանակ աչքի են ընկել բուժծառայության լեյտենանտներ Գարիկ Սարգսի Մանուկյանն ու Դավիթ Նորայրի Հակոբյանը:
Հակառակորդի հրետակոծության տակ վիրահատություններ են կատարել և բազմաթիվ կյանքեր փրկել մայոր Արտակ Սամվելի Գևորգյանը, լեյտենանտներ Սարգիս Սուրենի Գևորգյանն ու Արման Աշոտի Մուրադյանը: