Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը կալանավայրում հացադուլ է հայտարարել. ՀԺ
25-11-2020 17:13:22 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը կալանավայրում այսօր հացադուլ է հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը՝ հավելելով, որ հիմնարկի վարչակազմի կողմից նրա հետ տարվում են բացատրական աշխատանքներ։
Վերմիշյանը, հիշեցնենք, մեղադրվում է 5000 ԱՄՆ դոլար գումար եւ ավելի քան 2 միլիոն ՀՀ դրամին համարժեք շինանյութ որպես կաշառք ստանալու համար: Ըստ ԱԱԾ-ի՝ նա խոստովանական ցուցմունք է տվել, սակայն պաշտպանի հավաստմամբ` իր պաշտպանյալն առաջադրված մեղադրանքը չի ընդունել:
Վահագն Վերմիշյանը կալանավորված է 2020 թվականի փետրվարի 10-ից։ Նա պահվում է Երեւան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկում։
Դեպքից օրեր անց՝ փետրվարի 27-ին, նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից, որին նշանակվել էր 2019 թվականի մարտի 21-ին: