Դերբիի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը


Դերբիի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

  • 26-11-2020 10:35:15   | Մեծ Բրիտանիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
2020-ի նոյեմբերի 25-ին Դերբիի քաղաքային խորհուրդն Արցախի Հանրապետության անկախությունը պաշտոնապես ճանաչելու մասին միաձայն բանաձև է ընդունել: Այս մասին տեղեկացնում է derbynews-ը: 
 
Դերբին Միացյալ Թագավորության առաջին քաղաքն է, որը նման բանաձև է ընդունել:
 
«Արցախի Հանրապետությունը էթնիկ հայկական շրջան է Հարավային Կովկասում: Խորհրդային տարիներին Արցախն ընդգրկվել է Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ: Հայ ազգային փոքրամասնությունն Ադրբեջանի կողմից անդադար բնաջնջման ու էթնիկ զտումների է ենթարկվել, հետևաբար նրանց անվտանգությունն ու ապրելու իրավունքը երաշխավորված չեն Ադրբեջանի Հանրապետության տարածքում: Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, քանի որ 1991-ի դեկտեմբերի 10-ին Արցախի ժողովուրդը հանրաքվեով միաձայն քվեարկել է անկախության օգտին, ինչն ամբողջովին համապատասխանում է միջազգային նորմերին»,- նշվում է բանաձևում:
 
Հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանի վերջին գործողություններն ավելի են ընդգծում Արցախի ժողովրդի դեմ գոյութենական սպառնալիքը: Բանաձևում միջազգային հանրությանը կոչ է արվում ակտիվորեն գործել՝ այդ սպառնալիքը չեզոքացնելու համար, այդ թվում նաև՝ ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման, իրենց հայրենիքում ազատ ու արժանապատիվ  ապրելու իրավունքը:  
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը