Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Անտոնիո Գուտերեշի հետ


Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Անտոնիո Գուտերեշի հետ

  • 26-11-2020 15:50:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։
 
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը շնորհավորեց Արա Այվազյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր պատասխանատու առաքելության մեջ:
 
ԱԳ նախարար Այվազյանն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը քննարկեցին թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված մարդասիրական իրադրությունը և դրա հետևանքները տարածաշրջանի համար։ Անդրադարձ կատարվեց ստեղծված հումանիտար ճգնաժամին և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Նախարար Այվազյանն այդ առնչությամբ առանձնահատուկ ընդգծեց միջազգային կառույցների և նախևառաջ ՄԱԿ-ի համապատասխան մարմինների տեղում ներգրավվածության կարևորությունը։
 
Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ արտգործնախարարը շեշտեց տեղահանված արցախահայության հայրենիք վերադարձի համար պայմանների ապահովմանը և վերջիններիս իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։ Նախարար Այվազյանը գլխավոր քարտուղար Գուտերեշին համապարփակ տեղեկություն տրամադրեց Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների և բռնության այլ դրսևորումների վերաբերյալ։
 
Երկուստեք առանձնահատուկ ընդգծվեց միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նորմերի խստագույն պահպանումը, Արցախի պատմամշակութային ժառանագության նկատմամբ հարգալից վերաբերմունքը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն