ՔԿՀ-ներում շարունակվում է արգելված իրերի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը

26-11-2020 17:02:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Նոյեմբերի 25-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության
նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները քաղաքացի Ա.Դ.-ի կողմից դատապարտյալ Կ.Ա.-ի անվամբ բերված դեղորայքի զննությամբ հայտնաբերել են քթի խոռոչների Снуп գրառմամբ ցողիչի (սփրեյ) կիսադատարկ սրվակ, իսկ Ա.Դ.-ի անձնական խուզարկությամբ՝ 2 ներարկիչ, ներարկման համար նախատեսված թորած ջրի 2 սրվակ և կասկածելի զանգվածով կաթոցչի ապակյա անոթ:
 
Հայտնաբերվածի կապակցությամբ Ա.Դ.-ն հայտարարել է, որ ցողիչի ջրում լուծված է մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, որն իրականում նախատեսված է եղել իր անձնական օգտագործման համար, սակայն շփոթմամբ հանձնել է որպես հանձնուք։ Դատապարտյալի համար նախատեսված ցողիչը սխալմամբ նետել
է մինչև հիմնարկ մտնելը:
 
Հիմնարկի հարակից տարածքի զննությամբ հայտնաբերվել
է նետված սրվակը, որի ոչ գործարանային արտաքին տեսքը նույնպես կասկած է առաջացրել:
 
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
 
Հավելենք նաև, որ հոկտեմբեր-նոյեմբերին քրեակատարողական ծառայողների կողմից բացահայտվել են արգելված իրերի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության մի շարք այլ դեպքեր ևս։
 
Այսպես՝
 
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հանձնուքների և դատապարտյալների անձնական զննությամբ հայտնաբերվել են 15,56 գրամ ընդհանուր քաշով, ափիոն տեսակի թմրամիջոցին և 20,36 գրամ ընդհանուր քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներով 9 փաթեթ, կասկածելի այլ զանգվածներով 2 փաթեթ՝ 0,30 գրամ ընդհանուր քաշով, 100 հատ առանց մակնշման, սպիտակ դեղահաբ, 6 բջջային հեռախոս, 4 Wi-Fi սարք, 2 լիցքավորման լար, ականջակալ և բաժանորդային քարտ:
 
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի հանձնուքում հայտնաբերվել են լվացքի փոշուն խառնած, ջրում չլուծվող սպիտակ, կասկածելի զանգվածներ, ինչպես նաև ներնետված բջջային հեռախոս, Wi-Fi սարք, բջջային հեռախոսի լիցքավորիչ՝ 2 լարով, և ականջակալ: 
 
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում աշխատակցի ձեռքի պայուսակից ռենտգեն սարքի միջոցով հայտնաբերվել են ծալովի շեղբով դանակ, 6 հատ «Դիազեպամ» գրառմամբ դեղահաբ: Մեկ այլ դեպքով հանձնուքում հայտնաբերվել է 6,3 գրամ քաշով, մարիխուանա թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն, չոր զանգված: 
 
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պայմանագրային հիմունքներով աշխատողի տաբատի գոտկատեղից հայտնաբերվել է 7,6 գրամ քաշով, մարիխուանա թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված:
 
Վերոնշյալ փաստերի առթիվ նախապատրաստվել են նյութեր, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 300 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար