Չի եղել ոչ մի հողի հանձնում, եղել է պատերազմ, պատերազմը տանուլ ենք տվել՝ դրանից բխող հետևանքներով. Իմ քայլի պատգամավոր

26-11-2020 17:26:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Լեգիտիմ ընտրված իշխանությունը երբեք չի խուսափի նաև լեգիտիմ ճանապարհով իշխանությունը թողնելուց։ Եվ այս իրավիճակում ամենահեշտը թողնելն ու գնալն է։ Բայց ամենաբարդը մնալ, պատասխանատվությունը կրելն ու դրա հետևանքները վերացնել փորձելն է, ինչն էլ անում է մեր քաղաքական թիմը՝ վարչապետի գլխավորությամբ»,- ԱԺ արտահերթ նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը։ Նրա խոսքով՝ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել է այդ որոշումը կիսելու իր պատասխանատվության մասին։
 


«Այստեղ տարբեր մեղադրանքներ են հնչում, որոնք հնչում են որպես իրողություններ ու պնդումներ, մինչդեռ, երբ խոսում ենք ազնվությունից ու անկեղծությունից, ապա պիտի ասեմ, որ հարգելի խորհրդարանական ընդդիմություն, դուք ևս ազնիվ ու անկեղծ չեք գոնե ձեր ընտրողների հետ, երբ հայտարարում եք, որ իրազեկված չեք եղել գործընթացներից, տեղյակ չեք եղել, թե ինչ իրավիճակ է ռազմաճակատի գծում։ Պիտի ասեմ, որ անվտանգության խորհրդի նիստում և վարչապետի հետ հանդիպման ժամանակ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ եղել են հանդիպումներ,
առնվազն երկու անգամ։ Եվ դրան հրավիրված են եղել նաև խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները՝ ֆրակցիայի ղեկավարի կամ քարտուղարի մակարդակով։ Հետևաբար, եթե ֆրակցիայի անդամները տեղյակ չեն, թե ինչ հարցեր են քննարկվել այդ նիստի ընթացքում, դա նշանակում է, որ ձեր ֆրակցիայում ընդամենը ինֆորմացիայի փոխանակում տեղի չի ունեցել, պահանջեք ձեր ներկայացուցիչներից, թող ձեզ պատմեն»,- ասաց Տիգրանանը։
 
Նա հիշեցրեց, որ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ կամ պատերազմում ենք, կամ կարող ենք կանգնեցնել պատերազմը։ «Դուք բոլորդ շատ լավ գիտեք, թե որն էր պատերազմը դադարեցնելու գինը։ Եվ այստեղ Լուսավոր Հայաստան ֆրակցիայի ղեկավարից հնչել է կոչ, պահանջ՝ կամ հիմա, կամ երբեք, պայքարում ենք մինչև վերջ։ Եվ մենք պայքարեցինք, պատերազմեցինք, մենք պատերազմում պարտվեցինք, որովհետև անհավասար էր պայքարը։ Մենք պարտվեցինք, որովհետև այս դահլիճում գտնվող որոշ պատգամավորներ նաև հրապարակային հայտարարում էին, որ չեն պատրաստվում գնալ
և նահատակվել այդ պատերազմում։ Եվ իրենց ոչ օրինակելի վարքագիծը դառնում էր օրինակ պատերազմից մյուս խուսափողների համար։ Իսկ այսօր այստեղ խոսում են հողերը հանձնելուց, դավաճանությունից։ Չի եղել ոչ մի հողի հանձնում, չի եղել դավաճանություն։ Եղել է պատերազմ, պատերազմը տանուլ ենք տվել՝ դրանից բխող հետևանքներով»,- ասաց նա։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 306 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար