Էլ ինչ նամակներ է գրել Սամվել Բաբայանը


Էլ ինչ նամակներ է գրել Սամվել Բաբայանը

  • 28-11-2020 10:45:37   | Հայաստան  |  Վերլուծություն

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հրապարակել է իր նամակը Նիկոլ Փաշինյանին, որ գրել է դեռեւս 2018 թվականի հունիսի 20-ին, համենայն դեպս ըստ նամակի թվագրության: Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանին նամակը գրել է թավշյա հեղափոխությունից հետո ազատության մեջ հայտնվելուց 5 օր անց: Բաբայանին ազատազրկել էին 2017 թվականի խորհրդարանի ընտրությունից մի քանի օր առաջ, այսպես կոչված Իգլայի հայտնի գործով: Նա ՕՐՕ նախընտրական դաշինքի աջակից էր:
 
Նամակում նա գրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջինի օգտին ռազմա-քաղաքական բալանսի վտանգավոր շեղման մասին, որն ըստ նրա հանգեցնելու է պատերազմի եւ հայկական կողմի պարտության: Դրանից խուսափելու համար Բաբայանն առաջարկել է անել մի շարք քայլեր եւ գնել սպառազինության տեսակներ: Ըստ էության, դա եղել է Սամվել Բաբայանի դեռեւս 2013 թվականին Սերժ Սարգսյանին գրած նամակի «պատճենը»: Օրերս Բաբայանը հրապարակել էր նաեւ այդ նամակը:
 
2015 թվականի հունիսին հայտնվելով ազատության մեջ, Սամվել Բաբայանն Արցախ մեկնելու եւ այնտեղ քաղաքական գործունեություն ծավալելու մասին հարցին ի պատասխան հայտարարեց, որ կմեկնի, եթե դա անհրաժեշտ համարի Հայաստանի նոր իշխանությունը:
 
Բաբայանը մեկնեց, սակայն առաջին փորձը արժանացավ Արցախի այն ժամանակի իշխանության կոշտ արձագանքին: Հետո Սամվել Բաբայանը հայտարարեց, որ մասնակցելու է Արցախի նախագահի 2020 թվականի ընտրությանը: Պարզվեց, չունի դրա իրավունքը: Մասնակցեց խորհրդարանի ընտրությանը, խորհրդարանում դաշինք կազմեց նախագահի ընտրությանը հաղթած Արայիկ Հարությունյանի եւ նրա Ազատ հայրենիք խորհրդարանական մեծամասնության հետ:
 
Պատերազմից հետո Սամվել Բաբայանը տարանջատվել է Արայիկ Հարությունյանից եւ ըստ մամուլի հրապարակումների, փորձում է կառուցել ինքնուրույն խաղ: Կան նաեւ հրապարակումներ, որ վարչապետ Փաշինյանը Արայիկ Հարությունյանին փորձում է փոխարինել Սամվել Բաբայանով: Եղան նաեւ տարբեր գործիչների հայտարարություններ, որ պատերազմի օրերին ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը սերտ աշխատել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ, ընդհուպ նրա հետ լինելով հրամանատարական բունկերում, որտեղ պետք է լինեին միայն զինվորականները:
 
Նոյեմբերի 9-ի հրադադարից հետո Սամվել Բաբայանը հայտարարեց, թե շտապել է կառավարություն դավաճանություն թույլ չտալու համար, բայց ուշացել է: Այդ հայտարարությունից հետո համացանցում հայտնվեց Արցախի ԱԽ ընդլայնված նիստից ձայնագրություն, որտեղ Սամվել Բաբայանը գործնականում կոչ էր անում անել այն, ինչ կատարվել է նոյեմբերի 9-ին: Բաբայանը հայտնվեց անհարմար վիճակում: Այժմ, հրապարակելով Սերժ Սարգսյանին, հինգ տարի անց Նիկոլ Փաշինյանին գրած նամակները, նա թերեւս փորձում է դուրս գալ այդ վիճակից եւ ցույց տալ, որ տագնապ հնչեցրել է դեռեւս տարիներ առաջ եւ մատնացույց արել լուծումներ, բայց չի արժանացել բավարար ուշադրության:
 
Համենայն դեպս, հրապարակված նամակագրությունից ստացվում է, որ Սամվել Բաբայանը մատնացույց է անում երկու հիմնական պատասխանատու՝ Սերժ Սարգսյան եւ Նիկոլ Փաշինյան, գոնե առայժմ: էլ ինչ նամակներ է գրել Բաբայանը, եւ ում, կամ ու՞մ չի գրել որեւէ նամակ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն