Եթե դրան պատրաստ չես, մի դարձիր վարչապետ․ Էդմոն Մարուքյան


Եթե դրան պատրաստ չես, մի դարձիր վարչապետ․ Էդմոն Մարուքյան

  • 30-11-2020 13:22:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Արդեն արձանագրված փաստ է, որ իշխանությունն ունեցել է տարբեր հնարավորություններ՝ անգամ մինչև պատերազմը Արցախի խնդիրը կարգավորել։ Բայց վարչապետը դա չի արել, որովհետև վախեցել է, որ ինքը կդառնա ոչ պոպուլյար, իսկ ոչ պոպուլյար լինելու ժամանակ քեզ ասում են՝ դավաճան, ինչ ասես ասում են»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
 
Ըստ նրա՝ մարդկանց ընտրում են, որպեսզի նրանք որոշեն, ոչ թե գան հարցնեն, թե ինչ որոշեն։ «Եթե դու չգիտես ինչ որոշես, մի ընտրվիր այդ պաշտոնին։ Եթե Հայաստանի առաջնորդ ես ընտրվում, պետք է իմանաս, որ այս երկիրն ունի սարսափելի հարևանություն և պետք է հասկանաս, որ բացի կառավարական դաչան, բացի Մերսեդեսը կա Արցախի չկարգավորված խնդիր։ Եթե դրան պատրաստ չես, մի դարձիր վարչապետ։ Ի՞նչ է նշանակում՝ ինձ կասեին «Նիկոլ դավաճան»։ Սաղիս էլ ինչ ասես ասում են, նաև իր շնորհիվ։ Երեք տարի մեր դեմ ամենակեղտոտ ու լկտի քարոզչությունն է իրականացվել իշխանության նախաձեռնությամբ, հիմա էլ շարունակվում է։ Հիմա տեսանք, թե ինչ տեղի ունեցավ իր հետ, դե թող իր ռեյտինգով ապրի»,- նշեց  նա։
 
Էդմոն Մարուքյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումներին, թե ինչ զարգացումներ են տեղի ունեցել պատերազմի օրերին։
 
«Երբ ինքն ասում է՝ ընդդիմությունը շատ լավ իմացել է իրավիճակը, հենց շատ լավ իմացել ենք, այդ օրից սկսած իրեն ասել ենք՝ դադարեցրու կռիվը։ Այսօրվա իր գրած անմեղի կամ մեղավորի օրագրում ինքը չի հերքում Պուտինի ասածը Շուշիի մասին։ Այսինքն՝ մենք կոնկրետ փաստեր ունենք, որ կռիվը հնարավոր է եղել մի 20 օր շուտ դադարեցնել, բայց չի դադարեցվել։ Ինչո՞ւ, հազար ու պատճառ է բերվում, բայց այդ պատճառներն ո՞ւմ են հետաքրքիր։ Պատերազմի ժամանակ երկու տարբերակ կա՝ կամ դու արագ ուժեղանում ես, գնում ես բոլորին կոտորում, կամ դու դադարեցնում ես, որ չկոտորվես։ Եթե դու արձանագրել ես փաստ, որ կոտորվում ես, պետք է կանգնես։ Այս քննարկումից հիմա պետք է դուրս գալ, այս քննարկումն ինքն է բացել, որ ուրիշ բան չքննարկվի։ Այստեղ կա մեկ մեղավոր, այդ մարդու անունը Նիկոլ Փաշինան է, մնացածը կարևոր չէ։ Հիմա մենք ամենօրյա ռեժիմով խնդիր ունենք լուծելու, այդ խնդիրները թողած ինքն ամեն օր արդարանում է, թե ում զանգեց, ով ինչ ասաց։ Դրա ժամանա՞կն է, այ ցավդ տանեմ, ժամանակը կգա, ցուցմունք կտաս, դա ցուցմունքում կասես»,- հավելեց Մարուքյանը։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն