ԿԳՄՍ-ն նախատեսում է ներդնել նախադպրոցական ծառայության ծախսարդյունավետ և այլընտրանքային մոդել


ԿԳՄՍ-ն նախատեսում է ներդնել նախադպրոցական ծառայության ծախսարդյունավետ և այլընտրանքային մոդել

  • 30-11-2020 16:05:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է ներդնել նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների նախագիծ:
 
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյանը նշեց, որ նախագիծը փորձում են ներդնել, քանի որ հանրապետության ոչ բոլոր բնակավայրերում է մատուցվում նախադպրոցական ծառայություն:
 
Դրանք ներդրվելու են բացառապես այն բնակավայրերում, որտեղ նախադպրոցական կրթության որևէ ծառայություն չի գործում:
 
«Հայաստանի բոլոր մարզերում կա շուրջ 270 բնակավայր, որտեղ առհասարակ չի իրականացվում նախադպրոցական որևէ ծառայություն: Կան նաև բնակավայրեր, որտեղ կան մանկապարտեզներ կամ դպրոցներին կից նախակրթարաններ, որոնք նախատեսված են 5-6 տարեկան երեխաների համար: Նման մոդել ներդնելու համար ԿԳՄՍ նախարարությանը գումարը հատկացվել է պետական բյուջեից: Գերատեսչության բյուջեում լինելու է այդ գումարը, և տարեկան դրամաշնորհ է տրամադրվելու. կարգն այդպես է լինելու: Որոշ չափորոշիչներ կլինեն՝ հաշվի են առնվելու համայնքի պատրաստակամությունը, երեխաների թիվը: Նախակրթարանների շենքերի վերանորոգման հարցերը լուծվելու են դրամաշնորհի շրջանակում, սակայն հետագայում դրանց պահպանման ծախսերը, բնականաբար, համայնքինն են լինելու»,- ասաց Կարախանյանը:
 
Նրա խոսքով՝ առաջարկվել է մի քանի տարբերակ, որոնք հիմնականում ծախսարդյունավետ են: Տարբերակներից մեկի դեպքում մատուցվելու են 3.5-4 ժամ տևողությամբ ծառայություններ`առանց ցերեկային քնի ապահովման:
 
«Խմբում երեխաների առավելագույն քանակը նախատեսվում է 30։ Այս տարբերակը նպատակահարմար կլինի կիրառել, եթե բնակավայրում առկա է գործող համայնքային հաստատություն (համայնքապետարան, մշակույթի կենտրոն)։ Առաջարկվում է նաև մեկ այլ ծառայության տեսակ՝ 4-4.5 ժամ տևողությամբ, որը կիրառելի է, եթե համայնքում երեխաների թիվը մինչև 15 է, և չկա այլ մոդելներ իրականացնելու հնարավորություն։ Նպատակահարմար կլինի կիրառել, եթե բնակավայրում առկա է համապատասխան պայմաններ ունեցող տուն։ Համայնքը կարող է համակարգել մինչև 3 տան պայմաններում մատուցվող ծառայությունը։ Այս պարագայում խնամակալ ընտանիքի մայրը պետք է ունենա առնվազն միջնակարգ կրթություն: Մենք ունենք այդպիսի փորձ: Ներկայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ նման ծրագիր է արվում Սյունիքի և Լոռու մարզերում: Բնակավայրեր ունենք, որտեղ նույնիսկ միջին մասնագիտական կրթության խնդիր կա, այդ պատճառով ցենզը տնաին պայմաններում դրել ենք, որ միջակարգ կրթությամբ կանայք լինեն, ովքեր պարտադիր կանցնեն վերապատրաստում: Երեխաների խնամքն էլ կիրականացվի հենց իրենց կողմից»,- նշեց մասնագետը:
 
Ներկայացնելով ծախսարդյունավետ և այլընտրանքային մոդելի մեկ այլ տարբերակ՝ Կարախանյանը նշեց, որ կարող է լինել նաև շրջիկ ծառայություն: Այդ դեպքում խումբը ձևավորվելու է մի քանի բնակավայրի մասնագետների օգնությամբ:
 
«Նման ծառայություն կարող է իրականացվել, եթե համայնքի երեխաների թիվը մինչև 15 է, և նախադպրոցական կրթությունը կազմակերպելու համար մասնագետների խնդիր կա։ Ենթադրվում է մասնագիտական թիմի կողմից 1 օրվա ընթացքում առնվազն 2-3 համայնքում նախադպրոցական ծառայությունների մատուցում։
 
Մոդելների ներդրումը տեղի կունենա մի քանի փուլով. համայնքների հայտերի ներկայացում, դրանց գնահատում, բնակավայրերի ընտրություն ու համապատասխան մոդելի հաստատում, դրամաշնորհի հատկացում և հաշվետվությունների ընդունում:
 
Կարախանյանն ընդգծեց, որ կարգն այս պահին շրջանառվել է, Արդարադատության նախարարությունից վերադարձվել է, կա եզրակացություն, դիտարկումներ կան, դրանք հիմնականում իրավական հարցերին են վերաբերում:
 
Հայտի ընտրության ժամանակ առաջնահերթությունը տրվելու է այն բնակավայրերին, որոնք կներկայացնեն մոդելի գործունեության շարունակականության ապահովման հնարավորություններն ու երաշխիքները: Առաջնահերթություն կտրվի նաև պետությունից սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների, սոցիալ-տնտեսական ցածր մակարդակ ունեցող, ինչպես նաև հիմնականում ազգային փոքրամասնություններով բնակեցված բնակավայրերին։
 
ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է ներդնել ծախսարդյունավետ մոդելները՝ ուսումնասիրելով Հայաստանում արդեն իսկ եղած փորձը, ինչպես օրինակ՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացչության և «Աստղացոլք» ՀԿ-ի գործունեությունն այդ ուղղությամբ։
 
Մոդելների ներդրման հիմնական նպատակներն են. hանրապետության այն բնակավայրերում, որտեղ չկան նախադպրոցական ծառայություններ, ձևավորել այլընտրանքային նախադպրոցական կրթության ծառայություններ, որոնք հնարավորություն կընձեռեն մեծացնել երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական ոլորտում և հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների համար ապահովել մատչելիություն:
 
Լիլիթ Դեմուրյան
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play