Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Կոտայքի նորանշանակ մարզպետին


Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Կոտայքի նորանշանակ մարզպետին

  • 30-11-2020 16:15:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 30-ին Կոտայքի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանին։
 
Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով վերջինիս՝ նախարար Պապիկյանը հույս է հայտնել, որ Մեսրոպ Մեսրոպյանը, բավականին  վճռորոշ ժամանակահատվածում հանձն առնելով Կոտայքի մարզպետի  պաշտոնը, կկարողանա իր բազմամյա փորձառությունը լավագույնս ծառայեցնել ի նպաստ մարզի ու պետության բարօրության։
 
 «Արցախյան պատերազմից հետո նախադեպը չունեցող բարդ ու խնդիրներով լեցուն ժամանակաշրջան ենք ապրում, որը հաղթահարելու համար պետք է դրսևորել  ամուր կամք ու վճռականություն և ներդնել մեր ողջ ներուժը մեր պետականության ողնաշարը անսասան պահելու համար։ Այս համատեքստում ես շատ եմ կարևորում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների դերը», –նշել է նախարար Պապիկյանը։
 
Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև փոխմարզպետ Առնակ Ավետիսյանին, մարզպետարանի աշխատակազմին, ՏԻՄ ղեկավարներին և աշխատակիցներին վերջին ամիսներին դրսևորած բարձր պատասխանատվության, տոկունության և թիկունքի աշխատանքների կազմակերպման համար և հորդորել նրանց շարունակել ամենօրյա տքնաջան և նվիրված աշխատանքը հանրային ծառայության ոլորտում։
 
Մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն իր խոսքում նշել է, որ բարձր գիտակցումով է ընդունում մարտահրավերներով լի այս շրջանը հաղթահարելու պատասխանատվության չափն ու ծանրությունը և պատրաստակամ է ներդնել իր փորձն ու հմտությունները հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված խնդիրներն արագ հաղթահարելու և մարզի կայուն զարգացումն ապահովելու նպատակով։
 
 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն