Պուտինը փորձում է «հավաքել» ՀԱՊԿ-ը

30-11-2020 18:04:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
«Մեզ համար ընդհանուր մարտահրավերների աճի պայմաններում, ինչպիսին են միջազգային ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը և ապօրինի միգրացիան, մեծ նշանակություն ենք տալիս Խորհրդարանական վեհաժողովին՝ ՀԱՊԿ-ի շրջանակում ընդունված փաստաթղթերը ժամանակին վավերացնելու, անվտանգության ոլորտում ազգային օրենսդրությունը ներդաշնակեցնելու հարցում»,  ասվում է Պուտինի ուղերձում, որ հղվել է ՀԱՊԿ ԽՎ նստաշրջանի մեկնարկի առիթով:
 


Միջազգային ահաբեկության մարտահրավերը Ռուսաստանի համար ստացել է նոր բնույթ եւ առավել մոտեցել ՌԴ հարավային սահմանին: Դա տեղի է ունեցել Արցախի դեմ պատերազմի հետեւանքով, որի համար Անկարան Կովկաս է ներկրել հազարավոր զինյալներ մերձավորարեւելյան ահաբեկչական կազմակերպություններից:
 
Ռուսաստանն Արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինի մակարդակով հայտարարել է, որ այդ կապակցությամբ իրենց տվյալները ստույգ են: Բայց կան տեղեկություններ, որ շարունակվում է զինյալների ներկրումը, արդեն նաեւ ընտանիքներով: Նրանք, ըստ տեղեկությունների, կբնակեցվեն Իրանին սահմանակից արցախյան տարածքներում:
 
ՌԴ ԱԳՆ խոսնակ
Մարիա Զախարովան օրերս հայտարարեց, որ այդ հարցերը գտնվում են Ռուսաստանի զինվորական մասնագետների աչալուրջ դիտարկման ներքո, բայց ամեն ինչ չէ, որ հնարավոր է հանրայնացնել: Թե ինչ է նշանակում այդ հայտարարությունը, հնարավոր է ենթադրել՝ Ռուսաստանի պլանավորած օպերացիաներից մինչեւ Թուրքիայի հետ որեւէ պայմանավորվածություն:
 
Զինյալներով լցված գոտին սահմանակից է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտուն՝ Հայաստանին: Անվտանգության ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման հանգամանքը ստանում է առանձնահատուկ իմաստ, եթե
հիշենք օրինակ տարիներ առաջ՝ 2014 թվականին Սերժ Սարգսյանի նախատինքը ՀԱՊԿ ղեկավարներին՝ «հեռախոսն անգամ չեք վերցնում զանգահարելու Երեւան, եւ հետաքրքրվելու, թե ինչպիսին է վիճակը»:
 
ՀԱՊԿ երկրներին բնականաբար չէր հետաքրքրում, թե ինչ մարտահրավեր կա ՀԱՊԿ անդամ Հայաստանի սահմանին: ՀԱՊԿ անդամները դա թերեւս համարում են Ռուսաստանի գործը: Պուտինը հիմա ասում է, որ խնդիրը բոլորի՞նն է: Մյուս կողմից, պատերազմի օրերին թե ՌԴ-ն, թե ՀԱՊԿ-ը պարբերաբար շեշտում էին, որ պատասխանատու են միայն Հայաստանի սահմանին սպառնալիքի համար, իսկ դրանից այն կողմ միջամտել իրավասու չեն:
 
Արդյոք Արցախում ՌԴ ռազմական ներկայությունից հետո Մոսկվան փորձում է ընդլայնել ՀԱՊԿ «սահմանները» հակաահաբեկչական գործողությունների հարցում, որի համար անհրաժեշտ է ազգային օրենսդրությունների ներդաշնակեցումը:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 353 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար