Հրանտթոխատյաններն ու Արմեն Սարգսյանն ամբողջացրին ամոթալի շղթան


Հրանտթոխատյաններն ու Արմեն Սարգսյանն ամբողջացրին ամոթալի շղթան

  • 30-11-2020 18:25:49   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Մոսկվա իր «մասնավոր այցից», փակ ու համայնքային կառույցում սակավամարդ հանդիպումից հետո Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է ՌԴ նախագահ Պուտինին հայ ռազմագերիների ու անհետ կորածների հարցը լուծելու համար: Մինչ այդ Ռուսաստանի հայերի միության անկրկնելի նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել էր, թե այդ հարցով դիմել են Պուտինի օգնականին, եւ նա խոստացել է, որ հարցը լուծվելու է:
 
Ո՞ր հարցն է լուծվելու՝ գերիների ու անհետ կորածների վերադարձի՞, թե այդ վերադարձը ձգձգելու, ինչը լուրջ լծակ է Հայաստանի դեմ: Հարցն անիմաստ է թվում, բայց պատերազմն ու հետպատերազմյա «կարգավորումների» տրամաբանությունը հուշում են, որ մարդկային ցավի ու արդարացի պահանջների վրա մանիպուլյացիաները ավելի գործուն մեթոդ են, քան կոշտ ու դիմահայաց գործողությունները: Առավել եւս, որ կա Բաքուն, որն ակնհայտորեն դեմ չէ վերադարձը ձգձգելու հարցում, իր սեփական խնդիրները լուծելուն:
 
Հետպատերազմյա «կարգավորումները», որոնք ուղղված են Հայաստանի քաղաքական ինքնիշխանության որակի զրոյացմանը եւ կիրառման նոմինալ տարածքի սահմանափակմանը, անհնար են առանց բնակչության բարոյալքման, դիմադրունակության վերացման եւ սահմանային վիճակի հասցնելու: Պատերազմով դրա նախադրյալները ստեղծվել են, Փաշինյան-Սարգսյան-Հարությունյան մակարդակով ծրագիրն ընդունվել է: Հայաստանում ագենտուրայի ու մեդիա-ռեսուրսի միջոցով պետության կիսամեռ մարմնին ամենօրյա ռեժիմով արվում է զրնգուն «հսկիչ կրակոցը»:
 
Գերիների ու անհետ կորածների հարցով գրոհի է նետված վերջին ռեզերվը՝ հայ «մտավորականությունը»՝ կրեմլյան բեսսմերտնի պոլկի կոչերի համապատասխան ձեւաչափով, որն արդեն իսկ հարված է մեր ինքնությանը, մշակութային կոդին: Զրոյացվում է մեր հազարավոր զինվորների թափած արյան անգինը, ծանր է սա ասելը, բայց պետք է ասվի՝ այն անցնում է ուրիշների «հաշվեկշռին», բնականաբար, որպես Հայաստանի կենսունակության դեմ հերթական փաստարկ: Դաժան է հնչում, բայց դա է ներկայիս զարգացումների տրամաբանությունը, որին ականատես ենք դառնալու շուտով:
 
Կարո՞ղ էին հայ քաղաքական դասը իշխանություն-ընդդիմություն ընդգրկումով, մտավորականությունն այնպես անել, որ մարդկային ցավը հնարավոր չլիներ դարձնել օտար կեղտոտ խաղերի առարկա, ընդհանրապես՝ 30-ամյա քաղցր խաբկանքի ողբերգական ավարտն ընդունել արժանապատվորեն՝ գալիք անելիքների հստակ գիտակցումով՝ 200-ամյա մղձավանջից արթնանալու վճռականությամբ: Պուտինին դիմելը այս հարցի բացասական պատասխանի վերջին եւ անբեկանելի փաստա՞րկն էր:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play