Պահպանել ջեռուցման նորմերը․ ԱԱՏՄ-ն դիմել է պատկան մարմիններին


Պահպանել ջեռուցման նորմերը․ ԱԱՏՄ-ն դիմել է պատկան մարմիններին

  • 01-12-2020 11:25:16   | Հայաստան  |  Հասարակություն

 
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետին և ՀՀ բոլոր մարզերի ղեկավարներին՝ խնդրելով վերջիններիս հանձնարարականը համապատասխան ստորաբաժանումներին՝ դպրոցներում ջեռուցման նորմերի պահպանման անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ։
 
Նպատակը վարակիչ և ոչ վարակիչ զանգվածային հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման նպատակով մայրաքաղաքում և մարզերում հանրակրթական հաստատություններում սովորողների շրջանում ձմռանը մրսածության գործոնով պայմանավորված հիվանդությունների առաջացման և տարածման կանխարգելումն է։
 
ԱԱՏՄ ղեկավարի գրությամբ կարևորվել են անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկումն ու իրականացումը՝ ապահովելու ՀՀ առողջապահության նախարարի 2017 թ․ մարտի 28-ին N 12-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» N 2.2.4-016-17 սանիտարական կանոնների և նորմերի պահանջներով սահմանված ջերմային ռեժիմը, այն է՝
 
1. դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում (բժշկի կաբինետ), մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում` առնվազն 18-22 աստիճան C.
 
2. ուսումնական արհեստանոցներում, նախասրահում, հանդերձարանում և ռեկրեացիաներում ցուրտ եղանակային պայմաններում՝ առնվազն 18-20 աստիճան C, իսկ մարզադահլիճում՝ 17-19 աստիճան C:
 
Նշված սանիտարական կանոնների և նորմերի 46-րդ կետի համաձայն՝ հաստատությունում վառարանային ջեռուցում չի թույլատրվում։
 
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իր կանոնադրական գործառույթների շրջանակում վերահսկում է ջեռուցման նորմերի պահպանումը ուսումնական հաստատություններում։
 
Վերջիններս ԱԱՏՄ մասնագիտական խմբերի ստուգայցերի դիտակետում են՝ նկատի առնելով, որ դեկտեմբերի 7-ից կվերսկսվի առկա կրթությունը հանրակրթական ուսումնական հաստատությունների նաև 5-12-րդ դասարանների սովորողների համար՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 24-Ն հրամանով հաստատված պահանջների պահպանմամբ:
 
Տեսչական մարմինն ուսումնական հաստատություններում դիտարկում է նաև COVID-անվտանգության նորմերի պահպանումը։ Վերջիններիս և ջեռուցման նորմերի խախտումների վերաբերյալ բողոքներով ու հարցերով կարելի է դիմել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի թեժ գծին՝ 8107 հեռախոսահամարով։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն