Վարչապետը հանդիպել է Ջորկաեֆ եղբայրների հետ

01-12-2020 12:53:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպել է Հանուն Հայաստանի բարի կամքի դեսպան, աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆին և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական, Ֆրանսիայի Դեսին քաղաքի փոխքաղաքապետ Դենիս Ջորկաեֆին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
 
Վարչապետը երախտագիտություն է հայտնել Ջորկաեֆ եղբայրներին՝ այս դժվարին ժամանակաշրջանում Հայաստանի ու Արցախի կողքին
լինելու, սատար կանգնելու համար: «Ուրախ եմ ևս մեկ անգամ հյուրընկալելու ձեզ: Շատ կարևոր է այն գործունեությունը և աջակցությունը, որ Ջորկաեֆների ընտանիքը ծավալում է հանուն Հայաստանի և Արցախի: Այս բարդ ժամանակներում մենք պետք է միահամուռ լինենք և մեկտեղենք համազգային ներուժը՝ դժվարությունները հաղթահարելու և առաջ շարժվելու համար: Պետք է լինենք առավել ակտիվ և առավել սերտ փոխկապակցված»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
 
Յուրի Ջորկաեֆը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ խոսքերի համար՝ ընդգծելով, որ Ֆրանսիայի հայ համայնքը միշտ նեցուկ կլինի հայ ժողովրդին, Հայաստանին և Արցախին: «Պարոն վարչապետ, մենք այսօր այստեղ ենք՝ մարդասիրական, բարոյական աջակցություն տրամադրելու համար և նաև վկայելու հայ-ֆրանսիական ամուր կապերի մասին: Մենք շարունակելու ենք մեր հանձնառությունը, շարունակելու ենք լինել ձեր կողքին»,- ասել է նա:
 
Հանդիպմանը քննարկվել են ստեղծված իրավիճակում համազգային ներուժի համախմբմանը, Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի ամրապնդմանը, հայ-ֆրանսիական բարեկամական հարեբերություններին վերաբերող և այլ հարցեր:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 259 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար