Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակներ ևս ենթակա են պարտադիր լիցենզավորման. ԱԱՏՄ


Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակներ ևս ենթակա են պարտադիր լիցենզավորման. ԱԱՏՄ

  • 01-12-2020 14:05:40   | Հայաստան  |  Հասարակություն

 
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է, որ Կառավարության 2020 թ․ հոկտեմբերի 22-ի 1711-Ն որոշմամբ՝ ՀՀ Կառավարության 2008 թ․ մարտի 27-ի N 276-Ն որոշումը խմբագրվել է և բժշկական օգնության և սպասարկման տեսակների հավելվածը շարադրվել է նոր խմբագրությամբ: Հավելվածում ներառվել են բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակներ, որոնք ևս այսուհետ ենթակա են լիցենզավորման, մասնավորապես,
 
նմուշառում,
շարժական նմուշառում,
շարժական ռենտգենաբանական,
շարժական ֆլյուորոգրաֆիկ,
շարժական մամոգրաֆիկ,
շարժական ուլտրաձայնային,
շարժական ֆունկցիոնալ ախտորոշիչ,
շարժական ակնաբանական,
շարժական ստոմատոլոգիական,
շարժական պալիատիվ,
խորհրդատվական։
 
ՀՀ ԱԱՏՄ-ն իրազեկում է, որ ըստ նոր կարգավորման՝
բժշկական օգնության և սպասարկման լաբորատոր-ախտորոշիչ «նմուշառում» և «շարժական նմուշառում» տեսակներով կարող են լիցենզավորվել միայն բժշկական օգնության և սպասարկման լաբորատոր-ախտորոշիչ որևէ այլ տեսակի լիցենզիայի առկայության դեպքում։ Այսինքն, օրինակ՝ տնային պայմաններում բուժօգնության այս տեսակներն առանց լիցենզիայի մատուցելը նոր կարգավորմամբ արդեն խախտում է դիտարկվում.
 Կառավարության այս որոշմամբ, մասնավորապես, կարգավորվում է նաև տնային պայմաններում Covid-թեստավորման կամ բիոլոգիական նմուշների այլ նմուշառումների գործընթացը․ սա կարող են իրականացնել բացառապես շարժական նմուշառման հավելյալ լիցենզավորում ունեցող բժշկական օգնության և սպասարկման կազմակերպությունները.
միաժամանակ, Կառավարության 1711-Ն որոշմամբ՝ բժշկական օգնության և սպասարկման «խորհրդատվական» տեսակով կարող են լիցենզավորվել միայն հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող լիցենզավորված անձինք:
Այսինքն՝ սկսած նոյեմբերի 20-ից (երբ ուժի մեջ է մտել որոշումը) անհրաժեշտ է դադարեցնել արտահիվանդանոցային պայմաններում խորհրդատվական բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումը։ Այլապես դա կդիտարկվի որպես չլիցենզավորված գործունեություն, ինչը ենթադրում է վարչական պատասխանատվություն։
Կառավարության նույն որոշմամբ՝ երեխաների բուժօգնության ոլորտում բժշկական օգնության և սպասարկման տեսակների անվանումներին ավելացվում է «մանկական» բառը: Այսպիսով՝ 0-18 տարեկան երեխաներին բուժօգնության և սպասարկման ցուցաբերումը ևս ենթադրում է լիցենզիայի պարտադիր առկայություն։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն