Առևտրային ցանցերում ալյուրի և հավի ձվի թանկացումը պայմանավորված է ձեռքբերման գների բարձրացմամբ. ՏՄՊՊՀ

01-12-2020 14:50:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ս.թ. սեպտեմբերի 27-ից իրականացվող մշտադիտարկումների արդյունքում որոշ խոշոր առևտրային ցանցերին պատկանող առևտրի օբյեկտներում արձանագրել էր 1 կգ ալյուրի (շուրջ 7%-ով), ինչպես նաև հավի ձվի իրացման գների բարձրացում: Այս ապրանքների գների բարձրացման պատճառների բացահայտման նպատակով իրականացվել են ուսումնասիրություններ, որի արդյունքում պարզվել է հետևյալը.
 
Ալյուր
 
Խոշոր առևտրային ցանցերը պահպանել են մինչև ռազմական դրության հայտարարումն այդ ապրանքատեսակի իրացումից ստացվող շահութաբերության մակարդակը, և ալյուրի գնի բարձրացումը պայմանավորված է ձեռքբերման գների բարձրացմամբ։ Ալյուրի արտադրությամբ զբաղվող 2 խոշոր տնտեսվարողների ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ էականորեն բարձրացել են այդ ընկերությունների կողմից ցորենի ձեռքբերման գները (արտադրվող ալյուրի ինքնարժեքում ցորենի տեսակարար
կշիռը կազմում է շուրջ 80%):
 
2020 թ. օգոստոս ամսվա սկզբին տնտեսվարողները Ռուսաստանից ցորեն են ձեռք բերել՝ 1 կգ-ի դիմաց վճարելով 84 դրամ, իսկ նոյեմբեր ամսին՝ շուրջ 104 դրամ (շուրջ 24%-ով ավելի)։
 
Միաժամանակ ՊԵԿ-ի
ներկայացրած տեղեկատվության վերլուծության արդյունքում արձանագրվել է, որ բացի Ռուսաստանի Դաշնությունից, տնտեսվարողները ռուսական ծագման ցորեն ներմուծել են նաև երրորդ երկրից՝ Վրաստանից։ Վրաստանից ձեռք բերված ցորենի դիմաց վճարումներն իրականացվում են ԱՄՆ դոլարով, հետևաբար դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկումը նույնպես ազդել է ներմուծման գների բարձրացման վրա։ Հանձնաժողովն արձանագրել է նաև, որ Ռուսաստանից ներմուծվող ցորենը նույնպես շատ դեպքերում ձեռք է բերվել ԱՄՆ դոլարով։
 
Հավի ձու
 
Խոշոր առևտրային ցանցերում հավի ձվի գնի բարձրացումը պայմանավորված է ձեռքբերման գների բարձրացմամբ։ Հավի ձվի արտադրությամբ զբաղվող 4 խոշոր տնտեսվարողների ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ վերջիններս բարձրացրել են իրացման գները, քանի որ բարձրացել է արտադրվող ձվի ինքնարժեքը, ինչն էլ իր հերթին պայմանավորված է եղել կերի ձեռքբերման գների բարձրացմամբ։
 
Ներկայումս մշակման, վերլուծության և գնահատման փուլում է գտնվում ձվի ինքնարժեքի ձևավորման մեջ էական տեսակարար կշիռ ունեցող որոշակի կերային բաղադրիչների ներմուծումների վերաբերյալ ՀՀ ՊԵԿ-ի տրամադրած տեղեկատվությունը:
 
Բացի այդ, հարկ է նշել, որ Հանձնաժողովը 2020 թվականի փետրվարի 20-ի թիվ 38-Ա որոշմամբ հարուցել է վարչական վարույթ, որի շրջանակում ուսումնասիրվել է հավի ձու արտադրող 8 տնտեսվարող սուբյեկտների կողմից հավի ձվի գնի նվազեցման տնտեսական հիմնավորվածությունը։ Վերոնշյալ վարչական վարույթի ընթացքը ներկայումս կասեցված է, և ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության ավարտից և համապատասխան որոշում ընդունելուց հետո Հանձնաժողովը կհրապարակի վարույթի արդյունքները։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 272 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար