Պուտինի օրակարգը. Պեսկովը հայտարարում է, որ Հայաստան չկա՞

01-12-2020 14:36:23   | Հայաստան  |  Վերլուծություն
Կրեմլը չի մեկնաբանել Ադրբեջանից Նախիջեւան տրանսպորտային նոր միջանցքի մասին Բաքվի ղեկավար Իլհամ Ալիեւի հայտարարությունը, միաժամանակ նշելով սակայն, որ տրանսպորտային հարցերը Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների օրակարգում են: Այդ մասին հայտարարել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
 


Ալիեւը հայտարարել է, թե Պուտինն ու Էրդողանը դրական են վերաբերում Ադրբեջանն ու Նախիջեւանը միմյանց կապող նոր տրանսպորտային միջանցքի գաղափարին: Բաքվի ղեկավարը փաստորեն խոսում է Մեղրիով կապից բացի, այլ հաղորդուղի ունենալու մասին:
 
Դա դուրս է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից: Ըստ այդմ, առաջանում է հարց՝ Ալիեւը համաձայնագիրը համարում է կատարվա՞ծ, որ խոսում է այլեւս դրանից դուրս բաների մասին: Թե՞ նոյեմբերի 9-ի համաձայնագիրն ունի նաեւ չհրապարակվող հավելված:
 
Այն, որ Ալիեւը չի
խոսում Հայաստանի
կարծիքի մասին, առկա իրավիճակում հասկանալի է: Հայաստանի մասին չի խոսում նաեւ Պեսկովը, ասելով, թե տրանսպորտային հարցերը Պուտինի ու Ալիեւի օրակարգում են:
 
Իսկ Հայաստանի ղեկավա՞րը: Ու՞ր է նա: Նիկոլ Փաշինյանը Սոթքից հետո գրառում էր արել, որ ամեն օր, օրական նույնիսկ մի քանի անգամ խոսում է Պուտինի հետ, եւ դա այնքան սովորական պրակտիկա է դարձել, որ հարկ չեն համարում ամեն անգամ հանրայնացնել այդ փաստը: Հետաքրքիր է, կա՞ նաեւ Պուտին-Փաշինյան օրակարգ, թե՞ այդ օրակարգում չկան տրանսպորտային հարցեր, առավել եւս Հայաստանի տարածքը շոշափող:
 
Ընդհանրապես, ի՞նչ օրակարգ ունի Հայաստանի իշխանությունը, սկսած Արցախի կարգավիճակից մինչեւ Հայաստանի սահմաններին ու տարածքին առնչվող այլ «օրակարգեր», որ փաստորեն քննարկվում են Պուտին-Ալիեւ ձեւաչափով: Որովհետեւ դա արդեն ասում է Պեսկովը, ոչ թե Ալիեւը:
 
Եթե Հայաստանի քաղաքական ղեկավարության համար կա որոշակիություն, ապա պետք է չհապաղել եւ այն փոխանցել Հայաստանի եւ Արցախի քաղաքացիներին: Այլապես տպավորություն է, որ հայկական սուբյեկտությունն անմնացորդ փոխանցված է Ռուսաստանին, պարզապես դա այնքան սովորական է դարձել, որ չեն հայտնում, Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցների նման:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 493 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար