Թուրքական ապրանքների ներմուծումն արգելելու ՀՀ կառավարության որոշումը ռացիոնալ մոտեցում է. Սամվել Գևորգյան

01-12-2020 16:45:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 ՀՀ կառավարությունը ռացիոնալ մոտեցում ցուցաբերեց՝ կայացնելով դեկտեմբերի 31-ից Հայաստան 700-ից ավելի թուրքական պատրաստի, վերջնական սպառման համար նախատեսված արտադրատեսակների ներմուծումն արգելելու որոշում։ Նման գնահատական «Կասպերսկի. Բիզնեսը նոր դրաշրջանում» նախագծի շրջանակում ներկայացրեց  «Բի-Էս-Սի» բիզնեսի աջակցման կենտրոնի հիմնադիր-տնօրեն Սամվել Գևորգյանը։ «Երբ նայում էի այդ ապրանքների 77 էջանոց ցանկը, տեսա, որ դրա 90 տոկոսից ավելի ապրանքները հնարավոր է արտադրել Հայաստանում»,- նշեց նա՝ հավելելով, որ հայկական բիզնեսի զարգացման կարճաժամկետ՝ ընդամենը 30 տարվա պատմության ընթացքում սպառողական ապրանքների ներմուծումը փոխարինող  խոշոր արտադրություններ դեռևս չեն հիմնվել։ 
 


Բիզնես-խորհրդատուն թուրքական ապրանքների ներմուծումը փոխարինելու խնդիրը դիտարկեց կարճաժամկետ, միջնաժամկետ, և երկարաժամկետ այլընտրանքների տեսանկյունից։ Կարճաժամկետ տեսանկյունից այլընտրանքը, նրա խոսքով, պատրաստի արտադրանքն այլ երկրներից ներմուծելն է, որպեսզի մարդիկ կարողանան պահպանել բիզնեսը, աշխատատեղերը և եկամուտները։ Միջնաժամկետ այլընտրանքը կարող է լինել որոշակի հեշտ արտադրվող ապրանքների փոքր տեղական, օրինակ, պլաստմասսե իրերի արտադրությունների հիմնումը։ Երկարաժամկետ այլընտրանքը փոքր արտադրություններ ընդլայնելն է՝ ներդրումների ապահովման միջոցով։
 
Սամվել Գևորգյանի գնահատմամբ՝ տեղական արտադրությանն աջակցության առումով անհրաժեշտ է, որ կառավարությունն իրականացնի որոշակի քայլեր, ներդրումային դաշտում մեծանա որոշակիության աստիճանը, իսկ գործարարները նախաձեռնող լինեն։ «Ներդրողների հարցը միայն կառավարության հարցը չէ. կառավարությունը պետք է միջավայրն ստեղծի, և ձեռներեցները պետք է գտնեն բերեն, ու այստեղ գալիս է զուտ բիզնեսի երիտասարդ լինելու հանգամանքը։ Հայաստանը բիզնես մտածելակերպի տեսանկյունից դեռ շատ պատրաստ չէ մեծ ծավալների արտադրություններ սկսելու, որովհետև փոքր ծավալները պետք է կրկնապատկենք, եռապատկենք, բայց խոշոր ծավալների համար խոշոր ներդրումներ են պետք»,- պարզաբանեց խորհրդատվական ընկերության
հիմնադիր-տնօրենը՝ նկատելով, որ հայ գործարարները պետք է հնարավորինս արագ արձագանքեն տեղական շուկայի պահանջարկը բավարարելու բացվող հնարավորություններին։ Այս առումով նա կարևորեց այն հարցը, թե որքանով է սպառողը պատրաստ հայկական արտադրանք գնելու։ «Մենք «Ֆեյսբուք»-ում բացել ենք «Հայկականից լավը չկա» խումբ, որին ներգրավել ենք և՛ սպառողներին, և՛ արտադրողներին։ Սպառողների հիմնական արձագանքն այն է, որ տեղականը մի քիչ թանկ է, ու այնքան էլ որակով չէ։ Ու երբ դնում ենք իրար կողք, պարզվում է, որ հայկականը թանկ չէ, ու լավ էլ որակով է։ Այսինքն՝ զուտ հուզական մակարդակում, ոչ ինֆորնացիոն մակարդակում կա ընկալման խնդիր, որը կարող է արագ լուծվել, եթե բիզնեսն ավելի ակտիվ լինի իրեն ճիշտ ներկայացնելու տեսանկյունից»,- ընդգծեց Սամվել Գևորգյանը՝ կարևորելով, որ պետությունը նաև շարունակի ներկայացնել որակ-գին հարաբերակցության լավագույն տարբերակներ առաջարկող հայկական ձեռնարկությունները։ 
 
Տեղական արտադրության համար  թուրքական հումքի փոխարինման հարցին անդրադառնալով՝ նա նշեց, որ այս պարագայում անհրաժեշտ է ռազմավարական երկարաժամկետ մոտեցում ցուցաբերել զարգացնելու համար այն արտադրությունները, որոնց հումքը գոնե մասամբ կա Հայաստանում կամ ներմուծելը հեշտ է, լոգիստիկ ուղիները հեշտ են և էժան։ Բացի այդ, Հայաստանի նաև տրանսպորտային խնդիրները հաշվի առնելով, պետք է հիմնվեն այնպիսի արտադրություններ, որոնք կթողարկեն փոքր չափերի, նորարարական տեխնոլոգիաների և մտքի աշխատանքի հետ կապված, նվազագույն հումք պահանջող արտադրանք՝ հաշվի առնելով միջազգային և ներքին շուկայի այն հնարավոր պահանջարկը, որը լինելու է 5 կամ 10 տարի հետո։ «Մենք պետք է տեսնենք, մեզ որտեղ ենք դիտարկում 5 կամ 10 տարի հետո, ինչպիսի երկիր ենք ուզում տեսնել, ըստ այդմ, մեր տնտեսությունը զարգացնենք։ Այլապես հիմա
ինչո՞վ ենք զբաղված՝ առօրյա օպերացիոն խնդիրներ լուծելով։ Դրանով տնտեսությունը չի աճի։ Խոսքը նրա մասին է, որ թե՛ ձեռներեցները, թե՛ հանրությունը, թե՛ կառավարությունը պետք է խնդիր դնի մեր դիմաց»,- նշեց խորհրդատվական ընկերության ղեկավարը՝ նկատելով, որ ծրագրավորման, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկարաժամկետ ռազմավարական պլանավորման խնդիրը շատ ու շատ ընկերություններ լուծում են, բայց դրանք կետային լուծումներ են, և անհրաժեշտ են գլոբալ լուծումներ։
 
Եզրափակելով՝ Սամվել Գևորգյանը նշեց, որ իր տեսլականը Հայաստանը 10 տարի հետո որպես լուրջ տեխնոլոգիական, այլ ոչ թե կահույք, պլաստմասսե իրեր արտադրող երկիր դարձնելն է։ 
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 327 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար