Իմ երեխեն մեր հողը գրկեց, ես ո՞նց կարող եմ իմ Կապանը թողնեմ, դուրս գամ. հերոսի մայր. Аraratnews.am
01-12-2020 17:55:29 | Սյունիքի մարզ | Ի՞նչ է գրում մամուլը
«Երեկ մարդիկ խուճապի մեջ էին, քանի որ կարծում էին, որ օդանավակայանը ադրբեջանցիները պետք է վերցնեին, բայց, փառք Աստծո, չեն վերցրել»:
Аraratnews.am-ի հարցին ի պատասխան, թե ճի՞շտ են արդյոք շրջանառվող տեղեկությունները, որ կապանցիները ցանկանում են վաճառել իրենց տները եւ հեռանալ քաղաքից, ասաց Կապանի բնակիչ, Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Գասպարյանի մայր տիկին Նունե Աթաջանյանը, նշելով, որ ինքն էլ է համացանցից իմացել այդ մասին։ «Այս պահի դրությամբ Կապանում խուճապ չկա»,- վստահեցրեց նա։ Իսկ ինքը երբեք չի թողնի Կապանը. «Ես տեղ չունեմ գնալու: Իմ երեխեն մեր հողը գրկեց, ես ո՞նց կարող եմ իմ Կապանը թողնեմ, դուրս գամ»:
Ներկայացնելով Կապանի սահմաններին տիրող իրավիճակը՝ տիկին Նունեն հայտնեց, որ հիմա մեր սահմաններին, գյուղարանքներում կամավորականներ են կանգնած: «Իրենք իրենց կամքով գնացել են, խրամատ փորել, կանգնել են ու մեզ պաշտպանում են»,- պատմում է տիկին Նունեն: «Տղերքը տեսնում են թշնամուն: Ադրբեջանցիները մերոնց կանչում են` քիրվա, արի չայ խմենք»,- շարունակում է հերոսի մայրը, ապա մտահոգ հավելում, որ Կապանից Երեւան հասնելն էլ բավականին բարդացել է։ «Արդեն Երևան գալու համար Գորիսով ճանապարհ չկա, պետք է Սիսիանի գյուղերով մտնենք, որպեսզի մայրաքաղաք հասնենք»,- ասաց Կապանի բնակչուհին: «Բայց դե, եթե պիտի լինենք սահմանամերձ գոտի, ուրեմն` պիտի լինենք,- հպարտորեն հավելեց հերոսի մայրն ընդգծելով.- Մենք ուժեղ ժողովուրդ ենք, սյունեցիները ուժեղ են...»: