Եռակողմ հայտարարությունը հետևողականորեն կյանքի է կոչվում. Պուտին


Եռակողմ հայտարարությունը հետևողականորեն կյանքի է կոչվում. Պուտին

  • 02-12-2020 14:16:48   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարևորեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց համակարգված օգնություն ցույց տալը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Պուտինն ասաց դեկտեմբերի 2-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նստաշրջանի ընթացքում՝ նշելով, որ այժմ հետևողականորեն կյանքի է կոչվում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ հայտարարությունը:
 
«Բոլորին քաջ հայտնի է, որ անհրաժեշտ եղան Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերը, որպեսզի կանխվի արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ հասնելու կրակի ամբողջական դադարեցման ու սկսելու կայունացման գործընթացը: Միաժամանակ մենք հետևել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջոցով հասած անկյունաքարային պայմանավորվածություններին: Այժմ եռակողմ հայտարարությունը` Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի, հետևողականորեն կյանքի է կոչվում: Հակամարտության գծով և Լաչինի միջանցքում տեղակայված են ռուս խաղաղապահները»,- ասաց Պուտինը:
 
Վլադիմիր Պուտինը կարևորեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տուժած անձանց համակարգված օգնություն ցույց տալը:
 
«Կարևոր է օգնություն ցույց տալ` լուծելու հումանիտար խնդիրները, որոնք կապված են փախստականների վերադարձի, ավերված ենթակառուցվածքների վերանորոգման, մշակութային և կրոնական կոթողների պաշտպանության հետ: Ռուսական կողմը, Երևանի և Բաքվի հետ համագործակցելով, արդեն զբաղվում է այս բոլոր հարցերով»,- նշեց ՌԴ նախագահը:
 
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործել Լեռնային Ղարաբաղ:
 
Նորայր Շողիկյան
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play