Փաշինյանը ՀԱՊԿ երկրների ղեկավարների նիստում կարևորեց գերիների և զոհվածների մարմինների փոխանակման հարցի լուծումը


Փաշինյանը ՀԱՊԿ երկրների ղեկավարների նիստում կարևորեց գերիների և զոհվածների մարմինների փոխանակման հարցի լուծումը

  • 02-12-2020 15:02:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով գերեվարված անձանց և զոհվածների մարմինների փոխանակման հարցի լուծումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նստաշրջանի ընթացքում:
 
«Վերջին երկու ամիսները հայ ժողովրդի համար դարձան ագրեսիայի դիմակայման շրջան: Թուրքիայի և Մերձավոր Արևելքի երկրներից ահաբեկիչ վարձկանների կողմից սատարվող Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց հայ ժողովրդի դեմ: Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերով հնարավոր եղավ կանգնեցնել պատերազմական գործողությունները ու պայմանավորվել իրավիճակի ապաէսկալացման պայմանների շուրջ: Արդեն ավելի քան 3 շաբաթ է, ինչ դադարեցված են ռազմական գործողությունները: Հակամարտության գոտում տեղակայված են ռուս խաղաղապահները: Սակայն, այսօրվա դրությամբ մենք դեռ ունենք մի շարք անհետաձգելի խնդիրներ: Առաջին հերթին դա ռազմագերիների, այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակման և անհետ կորածների ճակատագրերի բացահայտումն է: Հայկական կողմը պատրաստ է ինտենսիվացնել իր գործողությունները` արագացնելու այդ գործընթացը և բարձրացնելու դրա արդյունավետությունը»,- ասաց Փաշինյանը:
 
Վարչապետը նշեց, որ միաժամանակ անհրաժեշտ է բացառել բռնության գործադրման դեպքերը ռազմագերիների ու այլ պահվող անձանց նկատմամբ և նրանց արժանապատվության նսեմացումը:
 
«Երկրորդ հերթին` դա ԼՂ ժողովրդի վերադարձն է իրենց տները, վերականգնելը բնականոն կյանքը Լեռնային Ղարաբաղում: Մարդիկ պետք է վստահ լինեն, որ գտնվում են անվտանգության մեջ և կարող են շարունակել ապրել իրենց հողում: Մի քանի տասնյակ հազար արցախցիներ արդեն վերադարձել են իրենց տները, և մենք ներդնում ենք բոլոր ջանքերը, որպեսզի օգնենք և աջակցենք մեր հայրենակիցներին: Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել պաշտպանելու հայ ժողովրդի կրոնական և մշակութային կոթողները, որոնք գտնվում են ադրբեջանական զորքերի կողմից զբաղեցված տարածքներում»,- նշեց վարչապետը:
 
Նիկոլ Փաշինյանը կարևորեց նաև տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը:
 
«Դրանք անհրաժեշտ են տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման համար: Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությունն այսօր հանդիսանում է տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավոր»,- ասաց Փաշինյանը՝ կարևորելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդական ջանքերը պատերազմի դադարեցման գործում:
 
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործել Լեռնային Ղարաբաղ:
 
Նորայր Շողիկյան
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play