Լոգիստիկ խնդիրներից մինչ գյուղկոոպերացիաների ստեղծման հարցեր. ԱԺ-ում լսել են գործարարների խնդիրները


Լոգիստիկ խնդիրներից մինչ գյուղկոոպերացիաների ստեղծման հարցեր. ԱԺ-ում լսել են գործարարների խնդիրները

  • 02-12-2020 16:18:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Գործարարները ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած աշխատանքային քննարկմանը բարձրաձայնեցին լուծում պահանջող տարաբնույթ հարցեր:
 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ-ՓՄՁ աշխատանքային խմբի աշխատանքի շարունակականության ու հանդիպումների պարբերականության հարցերը քննարկելու նպատակով հանդիպմանը Տրանսպորտային առաքողների միության ներկայացուցիչ  Եղիշե Հովհաննիսյանը մասնավորապես ասաց. «Իսկապես կուտակվել են բավականին լուրջ խնդիրներ՝ հատկապես հաշվի առնելով, որ ՀՀ-ն երկար ժամանակ գտնվում է շրջափակման մեջ: Եվ շատ կարևոր է, որ մենք ամեն ինչ անենք, որ տրանսպորտային առաքումների, ընդհանրապես տրանսպորտային լոգիստիկային առնչվող կուտակված խնդիրները լուծվեն»:
 
Նրա խոսքով՝ լոգիստիկ ծախսերն ինքնարժեքի մեջ բավականին մեծ տոկոս են կազմում: Հովհաննիսյանը նշեց, որ կան խնդիրներ, որոնք պահանջում են նաև օրենսդրական լուծումներ, հույս հայտնեց, որ այդ հարցերը կբարձրացվեն ու լուծում կստանան:
 
Արթուր Գյոկչյանը, որը ներկայացնում է Հայաստանի գյուղատնտեսական դաշինքը, շեշտեց, որ գյուղատնտեսությունն այն ճյուղն է, որը կարող է և պետք է մեծ դեր ունենա տնտեսության զարգացման գործում՝ հատկապես այս պահին: Նա հիշեցրեց, որ քննարկում են ունեցել գյուղատնտեսական կոոպերացիայի զարգացման վերաբերյալ, պնդեց, որ այդ հարցը հիմա արդիական է: «Օրենքը գործում է, բայց գյուղատնտեսական կոոպերցիայի զարգացման համար դա ոչ մի նպաստավոր պայման չստեղծեց, խնդիրները թե հարկային դաշտում են, թե՝ կազմակերպչական»,-ասաց նա ու խնդրեց այդ հարցը վերադարձնել օրակարգ: 
 
Բարձրացվեց նաև ներդրումների հարցը, առաջացող խնդիրները: Ներկաներից մեկը նշեց, որ կոնկրետ մեկը շինարարության ոլորտում ներդրում կատարելու հետ կապված խնդիրների է բախվում՝ հատկապես գերատեսչությունների հետ աշխատելիս:
 
Բաբկեն Թունյանը, արձագանքելով բարձրացված խնդիրներին, վստահեցրեց, որ ԱԺ-ում ինտենսիվ քննարկումներ են, մարդիկ մաքսիմում 1 ամսից կառուցապատման, շինարարության ոլորտում էական տարբերություն կզգան:  
 
«Լրիվ բաց ենք, պատրաստ ենք ոչ միայն օրենքների նախագծերը մինչև ընդունվելը ձեզ հետ քննարկել, այլ նաև՝ մինչև դրանց նախագիծ դառնալը ևս ձեզ հետ քննարկել»,-ասաց Թունյանն ու վստահեցրեց, որ դրանք պարզապես քննարկումներ չեն լինելու, հետևողական են լինելու՝ խնդիրների լուծման հարցում: 
 
Անդրադառնալով գյուղկոոպերացիաներին՝ Թունյանն ասաց, որ համավարակի ժամանակ, երբ դեռ քննարկվում էին սոցիալ-տնտեսական միջոցառումները, այդ խնդրին անդրադարձել են: «Այդտեղ մասնավորապես հարկային օրենսդրության հետ կապված խնդիրներ կային: Կարգավորումներն այնքան էլ շահավետ չեն, որ գյուղկոոպերացիաներ  ձևավորվեն: Բայց նաև ստացել ենք կոնկրետ առաջարկները, ուղարկել Ֆինանսների նախարարությանը՝ կարծիք ստանալու: Բայց միայն այդ խնդիրները չեն, խնդիրների կոմպլեքս կա»,-ասաց Թունյանն ու վստահեցրեց, որ այդ հարցի վերաբերյալ ևս քննարկումներ կունենան:  
 
Աննա Գրիգորյան
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play