ՔՊ-ի գրասենյակից զինվորական համազգեստ և զենք բաժանվելու տեղեկությունները չեն հաստատվել. Դատախազություն

02-12-2020 15:52:02   | Հայաստան  |  Իրավունք
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ «Քաղաքացիական պայամնագիր» կուսակցության գրասենյակից զինվորական համազգեստ և զենք  բաժանվելու վերաբերյալ տեղեկությունները չեն հաստատվել: Ստորև ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը.
 


«Արցախի և Հայաստանի Հանրապետությունների դեմ սանձազերծված ագրեսիայի ակտի, ռազմական գործողությունների դադարեցումից հետո ՀՀ-ում սկսված հանրային գործընթացների ընթացքում առանձին անձանց կողմից
և ԶԼՄ-ներում արվել են հայտարարություններ, հայտնվել են տեղեկություններ իրականացվող կամ նախապատրաստվող բռնությունների վերաբերյալ:
 
ՀՀ գլխավոր դատախազությունը, իրականացվող մշտադիտարկման շրջանակներում պարտադիր արձանագրում է դրանք՝ դարձնում ուսումնասիրության առարկա, և յուրաքանչյուր այն դեպքում, երբ դրանցում առկա են լինում բավարար հիմքեր, համապատասխան մարմիններին տրվում են դրանք քրեադատավարական կարգով ստուգման առարկա դարձնելու, իրավական գնահատական տալու և ընթացքը լուծելու հանձնարարություններ:
 
Նման դեպքերից էին, մասնավորապես, բազմաթիվ լրատվամիջոցներով տարածված՝ ԲՀԿ կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանի կողմից ՀՅԴ գրասենյակում հայտնած տեղեկությունն այն մասին, որ 12.11.2020թ. ժամը 17.00-ին 17 կուսակցությունների կողմից նախատեսված գործողությունների ընթացքում սադրանքներ, խժդժություններ առաջացնելու հստակ հանձնարարական է իջեցվել իշխանությունների կողմից, ինչի նպատակով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից գիշերվա ընթացքում զինվորական համազգեստ և զենք է բաժանվել իրենց համակիրներին:
 
ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնում նշվածի կապակցությամբ քրեադատավարական կարգով նախապատրաստվել են նյութեր, որի շրջանակներում իրականացվել են անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված տեղեկությունների իսկությունը պարզելու
, հնարավոր հանցավոր արաքների հատկանիշներ հայտնաբերելու նպատակով:
 
Մասնավորապես, բացատրություններ են վերցվել ԱԺ ԲՀԿ խմբակցության նշված, ինչպես նաև այլ պատգամավորներից: Վերջիններս նշել են, որ նման տեղեկությունները լսել են նոյեմբերի 11-ին Բաղրամյան փողոցում ընթացող հավաքի մասնակիցներից, մամուլից՝ հավելելով, որ չեն ճանաչում դրանք հայտնող անձանց, չգիտեն՝ վերջիններս ովքեր են, այսինքն պատգամավորների կողմից չեն հայտնվել որևէ որոշակի, կոնկրետացնող տվյալներ:  
 
Բացատրություն է վերցվել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակի ներկայացուցիչներից, որոնք կտրականապես հերքել են այդ տեղեկությունները:
 
Նյութերի նախապատրաստման ընթացքում դատախազության կողմից նաև հանձնարարություն է տրվել ոստիկանությանը՝ իրականացնելու օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ ստուգելու նշված հանգամանքները, պարզելու «ՔՊ» գրասենյակից որևէ մեկին երբևէ զենք կամ զինվորական համազգեստ հատկացնելու, ինչպես նաև ԲՀԿ պատգամավորին նշված տեղեկությունները հայտնած անհայտ անձանց պարզելու, նրանց քննությանը ներկայացնելու ուղղությամբ, որոնց արդյունքում ևս նշված տեղեկությունները չեն հաստատվել:
 
Ելնելով վերոնշյալից՝ նախապատրաստված նյութերով վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում»: 
 
          
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 357 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար