Նոր անակնկալ Մոսկվային ու Բաքվին. Ղարաբաղի օկուպացիան ճանաչվում է

03-12-2020 10:18:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Բելգիայի Դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձև։ Դրանում ասվում է, որ նոյեմբերի 9-ի զինադադարը չի լուծել տարածաշրջանում առկա լուրջ խնդիրները։
 


Բանաձևի նախագծում դատապարտվում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան, կոչ է արվում դուրս բերել ադրբեջանական ուժերը Լեռնային Ղարաբաղից և վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարգավիճակի շուրջ բանակցություններին։
 
Նշվում է Լեռնային Ղարաբաղում միջազգային այլ դերակատարների ներկայության անհրաժեշտությունը, մասնավորապես խաղաղության պահպանմանն ու պատերազմական հանցագործությունների բացահայտմանը նպաստելու նպատակով։
 
Բանաձեւը դեռ քվեարկվելու է Բելգիայի խորհրդարանում: Դրանով արձանագրվում է Ղարաբաղի օկուպացիան՝ պատերազմական հանցագործությունների ու միջազգային իրավունքի խախտման միջոցով: Ըստ էության, կասկածի տակ է դրվում հրադադարի մասին եռակողմ համաձայնությունը:
 
Բանաձեւը շեշտադրումների առումով որոշակիորեն
զիջում է Ֆրանսիայի Սենատում ընդունված բանաձեւին, սակայն դրանում ամրագրված են կարեւորագույն հանգամանքները:
 
Հետաքրքիր է, որ Ֆրանսիայի Սենատում ընդունված բանաձեւը Բաքվում ու Անկարայում չունեցավ նույնքան բացասական արձագանք, որքան Մոսկվայում, թեեւ Ռուսաստանի անունն այդ տեքստում չի նշվում: Նույնը կլինի նաեւ Բելգիայի պարագայում, եթե խորհրդարանն ընդունի այս բանաձեւը: Հիշելով կուժի ու կուլայի հայտնի ասույթը՝ Մոսկվայի արձագանքը հասկանալի է՝ որպես Մինսկի խմբի անդամ՝ այն գործել է սեպարատ, Բաքու-Անկարա եռակողմ ձեւաչափով, որն ուղղված է հայկական իրավունքների չեզոքացմանը: Մոսկվան որպես եռակողմ հայտարարության հեղինակ ու իրագործման երաշխավոր պատասխանատվություն է կրում այս իրավիճակի համար, բացի այդ, օրինակ Սենատի՝ 1994 թ. սահմաններին վերադառնալու անհրաժեշտության դրույթը դաժան «հիշեցում» է Մոսկվային՝ իր գծած ներկայիս սահմանների ֆոնին:
 
Ի՞նչ գործնական ազդեցություն կունենան այդ բանաձեւերը, առավել եւս Երեւանի սուբյեկտության ներկայիս իրավիճակում, երբ քաղաքական դասն իր հիմնական դերակատարներով հավատարմություն է հայտնել եռակողմ հայտարարությանը: Այդ
բանաձեւերը սակայն առնվազն «կախվելու են» Մոսկվա-Բաքու-Անկարա եռյակի վրա, որպես «ունիվերսալ լծակ»: Բաքվի պարագային դա առավել եւս զգալի է լինելու, քանի որ վերաբերում է անմիջապես այդ պետության միջազգային լեգիտիմությանը, որն առանց այդ էլ խիստ խոցելի էր եւ պահվում էր Մոսկվայի ջանքերի ու հայկական քաղաքական դասի անհամարժեքության արդյունքում:
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 465 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար