Հայաստանից կորոնավիրուսով եմ վերադարձել և չեմ կարողանում կառավարել բիզնեսս. հայ բարերարը հիասթափված է.(տեսանյութ և լուսանկարներ)


Հայաստանից կորոնավիրուսով եմ վերադարձել և չեմ կարողանում կառավարել բիզնեսս. հայ բարերարը հիասթափված է.(տեսանյութ և լուսանկարներ)

  • 03-12-2020 12:15:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Սփյուռքի հայությունը կոտրված, հիասթափված է, ահազանգում է, որ  Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում, այդպես էլ որևէ զինվորի մոտ չտեսան իրենց ուղարկած օգնությունից և ոչ մի  բան: Մի կողմից օգնությունը չի հասել կռվող տղերքին, մյուս կողմից էլ Համահայկական հիմնադրամին փոխանցված գումարը տրամադրվել է Կառավարությանը՝ առանց հաշվի առնելու  գումարը փոխանցողների կարծիքը:
 
Սփյուռքի մեր հայրենակիցներից  Վարդան Մալխասյանը, ով 200.00 0 դոլարին համարժեք օգնություն է ուղարկել  բանակին, մեր թղթակցի հետ զրույցում խոսել է Հայաստանում ստացած տպավորությունների, հիասթափությունների, ու իշխանության անկազմակերպ  աշխատանքի մասին:
 
-Բարև Ձեզ , Վարդան, նախ,խնդրում եմ ներկայացեք, ինչո՞վ  եք զբաղվում:
 
-Բարև Ձեզ:  «Եվրո մոթորս, ավտոսրահի հիմնադիրն եմ: Ապրել եմ Կոնդում, ծառայությունս ավարտելուց հետո 2003 թվականից տեղափոխվել եմ  ԱՄՆ: Երբևէ չեմ եղել Արցախում, բայց պատերազմի առաջին օրվանից պատրաստ  էի կռվել իմ հայրենիքի համար:  200.000 դոլարի չափով օգնություն  եմ տրամադրել բանակին, ինչը, ցավոք, հայտնի չէ,  թե ում է  բաժին  հասել, թեև, եթե մի փոքր խորը մտածենք, կհասկանանք, թե ում  բաժին հասած կլինի:
 
-Վարդան, անակնա՞լ էր Ձեզ համար պատերազմի մեկնարկը, ի՞նչ զգացիք, երբ իմացաք թշնամու  լայնածավալ հարձակման մասին:
 
-Զգացողություններս չեմ կարող նկարագրել: Չգիտեմ՝ ում համար էր անակնկալ այդ հարձակումը, բայց ինձ համար անակնկալ չէր: Թշնամին 30 տարի այդ օրվան էր  պատրաստվում: Անմիջապես որոշեցի պատերազմին մասնակցելու համար Հայաստան վերադառնալ: Ծնողներիս չէի կարող ասել, որ ուզում եմ կռիվ գնալ, պատճառաբանեցի, որ օգնություն  եմ ուզում տեղ հասցնել:
 
-ՊՆ-ի հետ կապ հատատե՞լ եք, հայտնել, որ ուզում եք առաջնագիծ գնալ:
 
-Ես ու էլի իմ ընկերներից շատերը պատրաստ էինք մեկնելու Արցախ, սակայն որոշեցինք ինքնակազմակերպվելու փոխարեն դիմել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատուն, որպեսզի օրենքով ,Պն-ի կողմից մեզ ուղարկեն մասնակցելու մարտական  գործողություններին: Ես նշել եմ, որ պատրաստ եմ ինքս գնել տոմսերը, հոգալ ծախսերը իմ ու իմ ընկերների, բայց մինչև օրս մեզ չեն զանգել:
 Դիմեցի դեսպանատուն, սակայն պաատասխանեցին, որ զորահավաք կազմակերպելու հրաման չեն ստացել, սակայն ինձ մի հեռախոսահամար փոխանցեցին, և ասացին , որ  կարող եմ այդ տղայի հետ խոսել: Պարզվեց՝ ինձ նման մեկն է եղել, որ պատրաստակամություն է հայտնել մասնակցելու պատերազմին: Այդ տղայի հետ 2-3 օր չկարողացա կապ հաստատել,երբ վերջապես պատասխանեց զանգիս, ասաց, որ այնքան շատ են զանգերը, որ չի կարողանում հասցնել պատասխանել զանգերին: 
-Արցախի և ՀՀ  իշխանությունները իրենց խոսքում հաճախակի նշում են, որ կռվող տղերքի պակաս ենք ունեցել, մի մասն էլ փախել է, և պարտության պատճառներից մեկն էլ դա է:
 -Մենք կռվող տղերքի պակաս չենք ունեցել, իզուր թող իրենց  պարտությունը տղերքի վրա չբարդեն: Միայն  ԱՄՆ-ից 100 -ից ավելի մարդու ես եմ ճանաչում, ովքեր պատրաստ էին իրենց միջոցներով առաջնագիծ գնալ, սական այդպես էլ չկազմակերպվեց այդ ամենը և պատճաբանեցին, որ զորահավաքի հրաման չունեն:
 
-Դեսպանատունը մինչև վերջին օրերն էլ  զորահավաք չհայտարարե՞ց:
 
-Ոչ, ու ես որոշեցի, մինչև գալու հարցերը կարգավորելը օգնություն ողարկել բանակին: Ամեն տարի մասնակցում եմ Համահայկական հիմնադրամի դրամահավաքին, այս անգամ սրտացավությունս այլ էր, հնարավոր բոլոր միջոցներս ուղղեցի բանակին:
Ընկերներիս, ծանոթներիս , գործընկներներիս էլ, այսպես ասած, թասիբի գցեցի, ու մեծ թվով գումար հավաքվեց: Ծանոթներիցս  միայն մեկը 250.000 դոլար հավաքեց ու փոխանցեց հիմնադրամին: Պատկերացնում եմ, թե  մեր նման քանիսն են  նման կերպ վարվել:
 
- Աժ նիստերից մեկի ժամանակ հայտարարվեց, որ Համահայկական հիմնադրամին փոխանցված գումարը տրամադրվել է Կառավարությանը: Ի՞նչ կասեք այդ մասին:
 
-Ասելու բան չի մնացել: Կարծես ծաղրեն բոլորին, մանավանդ՝ սփյուռքի հայությանը: Մինչև այժմ որևէ հարցով ժողովրդի հետ հաշվի չնստեցին, ում մտքին ինչ փչեց, արեց, դրա համար էլ ունենք այն, ինչ ունենք:
 
-Միայն գումարո՞վ եք օգնել:
 
-Ոչ, ես Հայաստան եմ ուղարկել այնպիսի ապրանք, որոնցից իր ողջ  պատմության  մեջ մեր բանակը չի ունեցել. թե՛ հագուստ, թե՛ տեխնիկա, թե՛ բուժօգնությունն ադյունավետ կազմակերպելու միոցներ, պարագաներ:
Ես  հետևում էի իրադարձություններին ու ինձ համար ցուցակ կազմեցի, թե ինչ պիտի ուղարկեմ բանակին  որպես օգնություն: Նկատում էի, որ կրակելու ժամանակ զինվորները մատներով են փակում ականջները, ու նմանատիպ շատ բաներ  ու այնպիսի ապրանք ուղարկեցի, որով կհեշտանար ռազմական գործողություններն իրականացնելը:
Մեծ քանակությամբ քնելու պարկեր, հեռակառավարման սարքեր ,սաղավարտներ, զրահաբաճկոններ, գիշերային տեսանելիության սարքեր, հագուստ, հեռախոսի համար նախատեսված սարք , որի շնորհիվ ոչ մի զինվորի տեղ  չէր կարող հայտնաբերվել և այլն: 1000 անուն ապրանք՝ընդհանուր կշռով՝ 2 տոննա:
 
-Այդ  2 տոննան  ո՞ւմ  միջոցով եք փոխանցել:
 
-Այստեղից այդ 2 տոննան դեսպանատան միջոցով եմ ուղարկել Հայաստան, սակայն ես Հայաստանում որևէ մեկի մոտ չտեսա իմ ուղարկած ապրանքից և ոչ մի հատ:
 
-Նկատի ունեք, ապրանքը տեղ չի՞ հասել:
 
-Վստահ եմ, որ ԱՄՆ-ից ապրանքը հասել է Հայաստան, այ թե Հայաստանում ում թեթև ձեռքով է անհետացել, չգիտեմ, թեև տարբեր  մարդկանց անուններ եմ լսել:
 
-Հետաքրքրվե՞լ եք ապրանքի ճակատագրով,ի՞նչ եք մտադիր անել այդ հարցով:
 
-Հետաքրքրվել եմ, բայց սպասելու ժամանակ չկար: Սիրտս պայթում էր զայրույթից  ու անհանգստությունից, որ մեր տղերքը էդ   վիճակով,անպատրաստ  կռվում  են թշնամում դեմ:
«Արծիվ 30 Արարատ» ռազմահայրենասիրական  ՀԿ-ում ծանոթ մարդ ունեմ: Գեներալ-մայոր Վարազդատ Մկրտչյանն է: Ինձ ,պարբերաբար, տեղյակ էին պահում վիճակի մասին, անհրաժեշտ  օգնության մասին: Այս անգամ որոշեցի անձամբ գալ ու նոր օգնություն ինձ հետ բերել, էլի մեկը մյուսից  ընտիր ապրանք ու նաև ուզում էի մեկնել ռազմաճակատ: Բիզնեսներս թողել եմ ու եկել Հայաստան: Չնայած ես Հայաստանում չեմ ապրում,  բայց սա նաև իմ հայրենիքն է,  ու իմ սիրտը ցավում է: Հիմա, երբ տեսնում եմ, որ ոչ մի ապրանք էլ չի ծառայել իր նպատակին, մտադիր եմ գնալ օգնությանս հետքերով: Իսկ հիմնադրամին փոխանցված գումարը կփորձենք հետ վերցնել, և անձամբ օգնել այն ընտանիքներին, որոնք, իսկապես, ունեն դրա կարիքը:
 
-Այս անգամ  ի՞նչ քանակով  էր  օգնությունը:
 
-Ինձ հետ բերել եմ 406 կիլոգրամ: Ապրանք կար, որ չէի կարող բեռի մեջ տեղավորել, չէր թույլատրվում: Ստիպված էի զրահաբաճկոններն իմ անձնական հագուստի փոխարեն  բերել:
Ապրանքի համար էլի վճարում պիտի  արվեր: 4000 դոլար էլ վճարել  եմ ինքնաթիռով տեղափոխման համար: Փոխանակ Հայաստանում արագ կազմակերպեին բեռն ստանալու հարցը, սարսափ կինոյի մեջ գցեցին:
 
-Ապրանքը ստանալու հարցում խնդիրնե՞ր են  առաջացել:
 
-Խնդիրներն այն խոսքը չէ: Իսկական կինո է սկսվել, սարսափ կինո:
Նախ զանգեցին, ասացին, որ Սարյան հասցեում ինչ-որ օֆիս կա, պիտի վճարում անեմ, դե, այդքան բան արել էի, էլ չհարցրի՝ ի՞նչ վճարում է, արեցի,մոտեցա, որ բեռը վերցնենք,այստեղ սկսվեցին խնդիրները: Հերթափոխի պետը, ոմն  մայոր Արթուր Հակոբյան, գուցե շփոթեմ ազգանունը, քանի որ թույլ չէր տալիս տեսենել իր տվյալները,  կարծես թուրք լիներ: Ես նման ագրեսիվ,  արհամարհական, հեգնական տոնով  մարդու չէի տեսել:
Այդ թուրքը, ես այսուհետ նրան այդ կերպ եմ անվանելու, ասաց, բեռը ստանալու համար պետք է կամ վերևներին դիմեմ, կամ ՊՆ-ին նվիրեմ, կամ պիտի մաքսազերծվի:
-Անօրինական իչ-որ բան կա՞ր, ի՞նչ պատճառաբանեցին բեռը չտալու համար:
 
-Ես ամեն ինչ սիրում եմ օրենքի շրջանակներում անել: Հարցրի՝ ի՞նչ է նշանակում վերևներին դիմել, գեներալի՞ դիմենք, հեգնանքով, թե՝ ի՞նչ գեներալ, ապեր… Ասում եմ՝ ես ՊՆ-ին 2 տոննա նվիրել եմ արդեն, որն ի դեպ, չգիտեմ՝ ո՞ւմ է բաժին հասել, հիմա ես իմ ձեռքով ապրանքը կվերցնեմ, ու կգնամ:Ասացին ՝չի լինի:
 
Բոլոր տարբերակները սկսեցի փորձել, քանի որ ժամանակ չկար: Աբսուրդ է ուղղակի, ամբողջ բիզնեսս թողել, եկել եմ Հայաստան, որ մեր զինվորին ու հայրենիքին վայրկյան առաջ օգուտ տամ, իսկ մի քանի թուրքանման հայ ամեն ինչ արեցին, որ նախ հիասթափվեմ, և հետո ապրանքը այդպես է զինվորին չհասնի: Ախր այդ պահին պետք էր շատ շուտ տեղ հասցնել իմ օգնությունը: Այդ արկղերի մեջ այնքան բացառիկ բաներ կային, որոնց միջոցով և՛ կյանքեր կփրկվեին, և ռազմական գործողություններ արդյունավետ կլինեին, զինվորներն ապահովված կլինեին ամեն ինչով:
 
18-ից 4 արկղ բացեցին, որ իբր գրանցեն, այն էլ իրենք բավարար չափով գիտելիք չունեին, թե ինչ ապրանք է արկղերում, ինչ անուններ ու կոդեր ունեն: 1000 անուն ապրանքից մինչև գլուխ հանեին, ամիս կտևեր, ու ամեն ինչ անիմաստ կդառնար: Առաջարկեցի՝ գոնե աշխատողներ ավելացնել, մերժեցին:
 
- Ի վերջո՝ ինչպե՞ս  ստացաք  բեռը:
 
-Բեռը մինչև ստացա 5 օր տևեց: Պատկերացնո՞ւմ եք, պատերազմական իրավիճակում, երբ  մեր  բանակն օգնության կարիք ուներ ավելի քան երբեք, Հայաստանի թուրքերը ամեն ինչ անում էին, որ օգնությունը տեղ չհասնի:
Ստիպված եղա դիմել Վարչապետին: Ինձ ընդունեցին  վարչապետի օգնականները՝ Նաիրի Սարգսյանն ու Սուրեն Համբարյանը: Ի դեպ՝ տղանեը հարգալից, նորմալ ընդունեցին, շնորհակալություն հայտնեցին անգամ: Նաիրի Սարգսյանն ասաց, որ անձամբ կզանգի մաքսային վարչություն, , որպեսզի բեռը վերցնելու հետ կապված խնդիր չլինի:  Չնայած  մաքսայինի թուրքն ամեն  ինչ անում էր,որ  բեռը չստանանք, երևի հարմար տեր էր ճարել ապրանքի համար: Ես հետո իմացա, որ այդ բեռի վրա շատերն են աչք ունեցել, այդ թվում՝ Վանեցյանը: Երևի հասկացել են՝ ինչ արժեքավոր ու բացառիկ ապրանք է, չէին ուզում ձեռքից բաց թողնել: Նաիրի Սարգսյանն անձամբ  հարցին լուծում տվեց, միասին ստացանք արկղերը, որոնք սակայն բացված էին, և ապրանքներ կային, որ բացակայում էին:
 
-Ո՞ւմ բաժին հասավ օգնությունը:
 
- «Արծիվ 30 Արարատ » ռազմահայրենասիրական ՀԿ-ում ծանոթներ ունեմ, ովքեր մասնակցում էին ռազմական գործողություններին: Ապրանքը հենց նրանք ՀԿ-ում էլ բաժանեցի , բոլորին իմ ձեռքով հագցրի, զինեցի, որ խիղճս հանգիստ լինի: Հետադարձի տոմս չէի գնել, չգիտեի՝ կվերադառնա՞մ, թե՝ ոչ, քանի որ եկել էի, որ գնամ սահման: Այդ   գումարով էլ այստեղից  էլի հագուստ գնեցինք, իհարկե աստղաբաշխական թվերով, ու ինչ անհրաժեշտ է: Իրենց ջոկատում գազան տղերք կան, ովքեր  կյանքի գնով պահել են մեր հողերը, որոնք մի ստորագրությամբ հանձնվեց թշնամուն:
 
-Առաջնագիծ մեկնեցի՞ք:
 
-Ոչ, արդեն խորապես հիասթափված էի Հայաստանում տեսածիցս:
 
Ես ապշել եմ այն ամենից, ինչ տեսա այդ մի քանի օրվա ընթացքում Հայաստանում: Պաշտոնյաների գերթանկարժեք տները, աշխատակիցների հեգնական ու անտրամաբանական աշխատելաոճը, իշխանությունների անկազմակերպ վիճակը և այլն: Այդ ամենը տեսնողին առաջին հայացքից  էլ պարզ կդառնա, որ պատերազմը տանուլ ենք տալու: Ես 5 օր գիշեր-ցերեկ ապրանքի հետևից էի, գնում, արդեն առողջական խնդիրներ առաջացան, նյարդային սթրես ապրեցի,  և ստիպված էի վերադառնալ ԱՄՆ: Վերադառնալուն պես պարզվեց, որ Կորոնավիրուսով եմ նաև վարակվել:  Մինչև այժմ էլ լավ չեմ զգում ինձ, բիզնեսս թողել եմ անտեր,քանի որ ի վիճակի չեմ տանից դուրս գալ, շնչառության ու քայլելու հետ կապված խնդիրներ են առաջացել: Ինչ դեղ ասես, օգտնագործել եմ արդեն, բայց առայժմ տնային կալանքի տակ եմ :
 
-Վարդան,   ի՞նչ կարծիքի եք իշխանության մասին: Նախկին իշխանությունը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին: Կարծում եք հողերը կարո՞ղ էինք չհանձնել:
 
-Հին իշխանությունից մենք ակնկալիք չունեինք, իսկ Նիկոլից՝ ունեինք: Ու հիմա  ես զզվում եմ իրենից: Ամաչում եմ տանից դուրս գալ, և  իմ նման շատերը կան: Ես ո՛չ նախկինների մեջ, ո՛չ ներկայիս իշխանության  մեջ մարդ չեմ տեսնում որպես ղեկավար: Մեզ Ստալին է պետք, ուժեղ ու խիստ առաջնորդ: Ես այդես էլ չհակացա Նիկոլը հայ, ամերիկացի,ռուս, թե ինչ ազգ է:
Մենք պարտվեցինք, որովհետև ամեն ինչ անկազմակերպ  է արվել, վառ օրինակն էլ իմ տրամադրած օգնության անիմաստ ու աննպատակ ձգձգումն էր: Ամեն ինչ այնքան լավ է երևում: Ճիշտ չօգտագործեցին հնարավորությունները:  
 
-Որպես սփյուռքի մեր հայրենակից, հարկ եղած դեպքում նորից կկանգնե՞ք ժողովրդի կողքին: 
 
-Ախր մեզ հետ ոնց էլ վարվեն, մենք միևնույնն է անհրաժեշտության դեպքում  նորից մի բռունցք ենք դառնում: Բայց այս անգամ սփյուռքին վերջնականապես հիասթափեցրին: Ո՞վ ունի մեր նման հզոր սփյուռք:
Ադրբեջանը նավթ ունի,  մենք էլ՝ սփյուռք: Սփյուքից կաթում է օգնությունը:   Պետք է պարզապես ճիշտ ղեկավարել  իմանալ: Փոխանակ ամեն մայրցամաքով մեկը զբաղվի, Սփյուռքի նախարարությունը փակեցին:
 
-Ձեր խոսքը մեր հերոսների ծնողներին:
 
-Խոնարհվում եմ զոհված տղերքի ծնողների առաջ, հպարտ եմ նրանցով, շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին: Ուժ ու համբերություն բոլորիս:
 
Yerevaklur.am
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play