Կառավարությունն աջակցություն կտրամադրի պատերազմական գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիներին. հաստատվել է աջակցության 3 միջոցառում
03-12-2020 13:56:25 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը հաստատել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության միջոցառումը: Շահառուներին կտրամադրվի միանվագ դրամական օգնություն: Առաջարկվում է առաջին խմբի հաշմանդամություն կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում տրամադրել 3.000.000 ՀՀ դրամ, երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 2.000.000 ՀՀ դրամ, երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 1.000.000 ՀՀ դրամ, իսկ զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝ 5.000.000 ՀՀ դրամ:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ընդունված որոշմանը, հիշեցրել է, որ զինծառայողների պարագայում հարցը կարգավորվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցով: «Մենք ամիսներ
առաջ այս որոշմանը համարժեք կարգավորում ունեցանք սահմանամերձ գյուղերում տեղի ունեցող դեպքերի համար, և հիմա փաստորեն կարգավորում ենք տալիս նաև այս հարցին»,-ասել է վարչապետը:
Հաստատվել է պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով ՀՀ համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասների փոխհատուցման նպատակով տրամադրվող աջակցության միջոցառումը: Միանվագ դրամական օգնության ձևով աջակցություն տրամադրվի շահառուներին՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից համապատասխան մարզպետարաններից հավաքագրված տեղեկատվությամբ նշված ֆինանսական միջոցների չափով: «Մասնավորապես, հիմնականում Սյունիքի մարզում և մի փոքր էլ Գեղարքունիքի մարզում են անշարժ գույքերը վնասվել: Ընդհանուր առմամբ մոտ 75 միավոր անշարժ գույքի մասին է խոսքը»,- նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
Գործադիրի հավանությանն է արժանացել նաև ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման վեցամսյա սոցիալական աջակցության միջոցառումը: Հյուրընկալող անձանց կտրամադրվի դրամական օգնություն, ընդ որում` ՀՀ հյուրընկալ ընտանիքին նախատեսվում է տրամադրել յուրաքանչյուր հյուրընկալվողի համար 30000 դրամ, իսկ Արցախի Հանրապետության հյուրընկալ ընտանիքին՝ 45000 դրամ:
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ մշակվում է կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է փոխհատուցում
տրամադրել պատերազմին մասնակցած ուսանողներին և պատերազմին մասնակից անձանց ուսանող զավակներին. կփոխհատուցվեն նրանց 2020թ. երկրորդ կիսամյակի ուսման վարձերը: «Ես հույս ունեմ, որ կառավարության մյուս նիստին արդեն մենք դե յուրե այդ որոշումը կընդունենք, բայց, ինչպես խոսել ենք, այս ընթացքում ուսման վարձի հետ կապված որևէ խնդիր բուհերում պետք է չառաջանա»,-ասել է կառավարության ղեկավարը՝ դիմելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում