Ֆեդերիկո Ֆելինիի 100-ամյակը Երևանում կնշվի ֆիլմի ցուցադրությամբ, ցուցահանդեսի բացումով
11-12-2020 12:01:55 | Հայաստան | Մշակույթ
Իտալացի մեծանուն կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի 100-ամյակի կապակցությամբ դեկտեմբերի 18-ին «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում կանցկացվի #FelliniDay կրթամշակութային միջոցառումը։ Երեկոյին սպասվում է թեմատիկ իրադարձությունների շարք, որի շրջանակում ներկաները կտեղափոխվեն կինոյի կնքահայրերից մեկի՝ Ֆելլինիի հայրենի քաղաք Ռիմմինի՝ բացահայտելու հանճարի գաղտնիքը։
Միջոցառման շրջանակում տեղի կունենա Ֆեդերիկո Ֆելլինիի ստեղծագործությունների մոտիվներով պաստառների բացառիկ հավաքածուի ցուցադրության բացում: Հավաքածուն հատուկ ցուցադրության համար Հայաստան է ուղարկվել Ադամ Միցկևիչի ինստիտուտի կողմից։
Նախատեսվում է իտալական կինոյի մեկ այլ վարպետ Էտտորե Սկոլայի՝ հոբելյարին նվիրված «Ֆեդերիկո արտասովոր անունը» ֆիլմի ցուցադրությունը, ինչպես նաև կինոնկարի և Ֆելլինիի մասին քննարկում «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ստեղծագործական տնօրեն, կինոգետ Կարեն Ավետիսյանի հետ։
Միջոցառումը կիրականացվի Հայաստանում Իտալիայի դեսպանատան, Ադամ Միցկիևիչի ինստիտուտի, «Ոսկե Ծիրան»-ի և «Լոֆթ»-ի համագործակցությամբ: